Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆու ձեռքում եղած «Սալբու» ձեռագիրը արտագրված է հեղինակի ինքնագիր մի բնագրից, որը կրել է «Խլվլիկ» անունը և որը հեղինակը 1867 թ․ տվել է թավրիզեցի ուսուցիչ Միրզա Կարապետին արտագրելու (տե՛ս «Մշակ», 1890 թ․, N62)։

«Սալբին» տպագրելու առաջին փորձերը հեղինակը ձեռնարկում է գրելուց ութ տարի հետո, 1863 թվականին։ Մեզ հայտնի չէ, թե մինչև այդ Րաֆֆին երբևէ ցանկացել է արդյոք վեպը տպագրության հանձնել, թե ոչ, բայց որ նա 1858 թվականին մշակելով այն «Խլվլիկ» վերնագրով, 1863 թվականին ուղարկել է Ստ․ Նազարյանին՝ «Հյուսիսափայլում» տպագրելու համար, դա փաստ է։ «1863 թվականին այդ վիպասանությունը,— գրում է Աննա Րաֆֆին,— ուղարկվում է Մոսկվա Ստ. Նազարյանի «Հյուսիսափայլի» ամսատետրակներում մաս-մաս տպագրվելու համար, սակայն դեռ այդ վեպի տպագրությունը չսկսած, դադարեցվում է հիշյալ ամսաթերթը զանազան փոթորիկների շնորհիվ» (խոսքը «Հյուսիսափայլի» 1863 թվականին ժամանակավորապես դադարելու մասին է)։

Վեպի «Խլվլիկ» տարբերակը «Հյուսիսափայլում» չտպագրվելը Րաֆֆուն չի վհատեցնում. նա Թիֆլիսում եղած ժամանակ՝ (1868 թվականին) այն նորից է մշակում ու կարդում գրական երեկույթներում, որը և մեծ ընդունելություն է գտնում։ Շատ հավանական է, որ վեպի «Ռուստամի օրագրություններից և Սալբիի նամակները» ամբողջ հատվածը գրվել է, և կամ ձեռագրի այդ մասը վերամշակվել է հենց այդ օրերին, որովհետև «Վեպիկներ և պատկերներ» գրքի երկրորդ հատորում, ուր առաջին անգամ տպագրվել է վեպի սույն հատվածը, ցանկում վերնագրի դիմաց որպես գրության տարեթիվ դրված է 1868 թիվը։ Ավագ Ավթանդիլյանին ուղղված նույն թվականի օգոստոսի 24-ը թվակիր նամակից իմանում ենք, որ «Խլվլիկը» զարմանալի ընդունելություն է գտել «տեղի (Թիֆլիսի) ընթերցող հասարակությունեն, քանի՜-քանի՜ գիշերներ եղած են առանձին-առանձին ժողովներ նրա ընթերցանության համար»։ Գործի համբավը հասնելով Նազարյանին, նա նամակով խնդրում է Րաֆֆուն վեպը ուղարկել իրեն։ «Նազարյանից նամակներ եմ ստանում,— նույն տեղում գրում է Րաֆֆին,— նա պահանջել էր իմ գիրքը Մոսկվա ուղարկելու, որ տպվի «Լապտեր Հայաստանի» օրագրի մեջ, որ միտք ունի այս տարի ի լույս ընծայել»։ (Րաֆֆի, «Երկերի ժողովածու» տասներորդ հատոր, Երևան, 1959 թ., էջ 525։) Րաֆֆին վեպը ուղարկո՞ւմ է Նազարյանին թե՞ ոչ, հայտնի չէ, սակայն մի բան պարզ է, որ օրագիրը չի հրատարակվել, ուստի և «Խլվլիկը» այս անգամ ևս չէր կարող տպագրվել։

1872 թվականին Գ. Արծրունին Րաֆֆուն հրավիրում է աշխատակցել նոր հիմնադրված «Մշակ» շաբաթաթերթին։ Րաֆֆին նույն թվականին Արծրունուն է ներկայացնում «Խլվլիկ» վեպը «Մշակում» մաս առ մաս տպագրելու համար, որը, սակայն, ծավալի մեծության պատճառով չի տպագրվում։

Արծրունին մերժելով վեպը ամբողջովին տպագրել «Մշակ»-ում, Րաֆֆու մոտ միտք է հղանում «Փունջի» (բանաստեղծությունների) տպագրությունից հետո հրատարակել նաև «Խլվլիկ» վեպը։ «Մշակ»-ի 1873 թ. մայիսի 10-ի համարում կարդում ենք, որ «Եթե հայկական գրականություն սիրողները իրենց նյութական օգնությամբ կնպաստեն մեզ, «Փունջի» տպագրությանը, այնուհետև խմբագրությունս նպատակ ունի ի լույս ածել Րաֆֆիի և մյուս բանաստեղծությունքը, որպիսին են՝ «Խլվլիկ» վիպասանությունը երեք հատորով, Պարսկաստանի կյանքից առնված...»։ 1874 թվականին «Փունջի» առաջին հատորի ընթերցողներին ուղղված ներածականում Րաֆֆին հրատարակում է այդ հատորների «պարունակությունը»։