Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց հնարք չեղավ։ Պարոն Հովասաբը՝ ճարահատյալ սկսավ գործ դնել կախարդական զորություններ։ Նա լսել էր յուր ծերունի պապիկից և յուր պառավ մամիկից, թե շատ անգամ փոքրիկ դևիկները չափազանց սեր ունին նստել ձիերի և մատակների վրա ու աներևութաբար վազ տալ դաշտերում։ Գուցե այդ ասածի հիման վրա, պարոն Հովասաբի երամակը, գծված, սասանված, փախչում էին արոտների մեջ, տռտիկ տալիս, քացի գցում և ծլունկ լինում։

Այդ պատճառով, նա իմաստուն դերվիշներին մի քանի թիլիսմայական թղթեր գրել տվեց, և կաշու մեջ կարել տալով, կախեց յուր անասունների վզից։ Թեպետ մի փոքր թեթևացավ նրանց առաջին հուզմունքը և վրդովմունքը, բայց մատակները ոչ բոլորովին հանգիստ էին։ Վերջապես ծերունին մի ղարաչի վհուկ կնոջ խորհրդով՝ գտավ մի հնար, որով ոչ միայն կարողացավ բոլորովին հանգստացնել յուր չորքոտանիները, այլև որսաց չար դևիկներից մինը։ Նա թամբում է յուր արաբական մատակներից մինը կարմիր և խայտաճամուկ համետով, նրա նստատեղը օծում է ձյութով, որի վրա շարում է պողովատի ասեղներ, կարթաձև ծայրերով, և այդպես թողնում է մատակը արոտների մեջ արածելու։ Դևերը, իրանց ամենօրյա սովորության պես, գալիս են իրանց դիվական խաղն խաղալու։ Մի մանուկ աղջիկ-դևիկ, տեսնելով փառավոր թամբած ձին, իսկույն թռչում, նստում է նրա վրա և սկսում է վազեցնել դաշտերի մեջ։ Բայց խղճալին չէ զգում, որ յուր մարմինը շատ ամուր կերպով կպել էր ձյութին, և ասեղները, շարվելով նրա հալավների վրա, իսկույն երևան էին կացուցել դևիկը[1]:

Պարոն Հովասաբը շուտով վրա է հասնում։ Դևը որքան աշխատում է, չէ կարողանում պոկ գալ ձյութից։ Պարոն Հովասաբը բռնում է ոգին, և անցկացնելով նրա վիզը պողովատի օղամանյակ, ամրացնում է առջևից կողպեքով, և նրա ականջներից քարշ տալով նույնպես պողովատի փոքրիկ օղակներ, յուր որսը տուն է տանում։

Գեղեցիկ էր փոքրիկ դևիկը յուր մատաղ հասակում, նրա կերպարանքը բոլորովին նման էր ադամորդիներին, միմիայն նա ուներ յուր հետևում խոզի պոչի նման մի երկայնություն, և նրա ոտերի

  1. Սնահավատների մեջ կարծիք կա, թե դևերը խույս են տալիս պողովատից, որովհետև պողովատը դիպշեչով նրանց, կարող էր լուծել նրանց աներևույթ լինելու գաղտնիքը: Այդ պատճառով հայոց կնիկները կրում են իրանց պարանոցի վրա պողովատի օղամանյակներ և ճկույթի վրա պողովատի մատանիներ, որ դեևերը անմերձենալի լինեն իրանց։ Ծննդականների մոտ դրվում են պողովատի գործիքներ, ազատ կացուցանելու նրանց դևերի ազդեցություններից։