Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուռենիքը կրում էին իրանց վրա խորհրդավոր անվանակոչությունը՝ «բժշկական ծառեր»։ Եվ արդարև, ամառային տոթերի եղանակում, այդ նվիրական ծառաստանի զովացուցիչ հովանիների տակ, տեսանելի են մահիճներ ջերմախտով և տենդացավով հիվանդների, որոնք մի ջերմ հույսով սպասում էին գտնել առողջություն, չվարվելով առվակի սառը ջրի մեջ։ Սնահավատ պառավները, նստած իրանց հիվանդների մոտ, ուռենի ճյուղերով հալածում էին նրանց երեսներից ճանճերը, և խուլ ու մաշված ձայնովի երդում են այդ ծառերի գովասանությունները։

Ծաղկավանի գերեզմանատան մեջ, որ դրված է մի բարձր, կրակապաշտական ատրուշաններից ձևացած մոխրաբլուրի վրա, նշանավոր է մինչև այսօր իմաստուն Խնջիկի գերեզմանը։ Այդ լուսահոդու գերեզմանաքարի վրա գտնվում է մի փոսակ. նրա խորության մեջ անձրևի կաթիլներից շատ անգամ ձևանում է մի փոքրիկ լճակ, որի ջրովը լվացվում էին բորոտները։ Ջերմախտով և այլ հիվանդությամբ տկարացածները նույնպես լեղանում էին այն հրաշալի գերեզմանաքարի վրա հասարակ ջրով։

Այդ գերբնական գիտությունը, Հովասաբենց տոհմի մեջ, որդոց որդի անցնելով, որպես մի ժառանգական սեփականություն, եկել, հասել էր վարպետ Պետրոսին, արվեստով ոսկերիչ՝ իմաստուն տղամարդուն, որ և եղավ Հովասաբենց համարյա վերջացած և սպառված ցեղի վերջին ժառանգը։ Վարպետ Պետրոսը յուր մանկությունից ուխտեց աշխարհ չմտնել, չամուսնանալ, այլ առանձնանալով մի վանքում, միայնակյացների մոտ, ստացավ մի տարապայման աբեղայական ուսում։ Նա երկար ժամանակ յուր անձը նվիրեց խստակեցության և ապրում էր անապատում, որպես մի աղոթասեր ճգնավոր։

Բայց նա շուտով հասկացավ յուր սխալը.— մտածելով, թե մի այդպիսի կյանք վարելով, նա չէր ունենալու ո՛չ մի զավակ և ո՛չ մի ժառանգ, և նրանց ցեղի իմաստությունը, անտարակույս, կորչելու և անհետանալու էր աշխարհի երեսից։ Եվ չկամենալով մի օտարական մարդու հավատալ իրանց գաղտնիքը, — նա շուտով վճռեց թողնել անապատը և դառնալ դեպի աշխարհ։

Հայտնի չէ, թե ինչ եղանակով բախտը նրան հանդիպեցրեց օրիորդ Թարլանին, այն հրաշագեղ աղջկան, որին ջերմ սրտով սիրեց նա, շուտով կապելով նրա հետ յուր ամուսնական պսակը։ Բայց երկար տարիներ, նրանք ապրելով խաղաղությամբ, չհասան իրանց նպատակին. պատճառ, աստված չուզեց սրբել նրանց աչքերի