Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռանում է «Մշակից», անցնում է Ա. Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսնող «Արձագանք» շաբաթաթերթը, այստեղ է տպագրում «Սամվել» վեպը և այլ գրվածքներ, Րաֆֆին մահանում է 1888 թվականին, 51 տարեկան հասակում, համարյա երեք տասնյակ տարի գործելով հայ գրականության մեջ:

***

1850-1880-ական թվականներին—Րաֆֆու գրական կյանքի այդ ժամանակաջրջանում—հայ հասարակությունը, հայ ժողովուրդը ապրում են զարգացման բարդ, սոցիալ-քաղաքական հակասություններով լի և պատմական իրադարձություններով հայտնի մի դարաշրջան:

Այդ էպոխայում խորանում է ճորտատիրական սիստեմի ճգնաժամը, ընկնում է ճորտատիրական իրավունքը, խարխլվում են ֆեոդալիզմի հիմքերը: Ֆեոդալական հասարակության փլուզումը, նահապետականության անկումը, առևտրավաշխառուական կապիտալի վայրագ թագավորությունը, գյուղի և գյուղացու ողբերգությունը—դարաշրջանի բնորոշ գծերն են։

1861 թվականին իրականացված բուրժուական ռեֆորմները նպաստում են կապիտալի զարգացմանը, նրանք ամրացնում են խոշոր կալվածատիրության դիրքերը, գյուղացիական լայն զանգվածները հողազուրկ են դառնում: Ծայր է առնում, մի բևեռում—հարստություն, մյուս բևեռում—աշխատավորների աղքատությունն ու թշվառությունը: Ֆեոդալական արտադրաեղանակին փոխարինում է կապիտալիստական արտադրաեղանակը։ Րաֆֆին գործում է այն դարաշրջանում, երբ հայ հասարակության կյանքը բեկում է ապրում ֆեոդալիզմից դեպի բուրժուական ֆորմացիա։ Այս պրոցեսը միաժամանակ հայ ժողովրդի իբրև ազգ կազմավորվելու պրոցեսն է, նաև ազգային ճնշման ու ազգային ստրկացման դեմ ուղղված ազգային ազատագրական պայքարի ու շարժումների էպոխան։

Լենինը գրում է. «Ոչ միայն 1855, 1859, 1864, 1866, 1870 թվականների, այլև 1877 թվականի (ռուս-թուրքական) և 1896-1897 թվականների պատերազմների (Հունաստանի դեմ Թուրքիայի պատերազմի և հայկական հուզումների) ժամանակ, պատմական երևույթների հիմնական օբյեկտիվ բովանդակությունն են եղել ազգային-բուրժուական շարժումները կամ ֆեոդալիզմի տարբեր ձևերից ազատագրվող բուրժուական հասարակության «ջղաձգումները»: Այն ժամանակ խոսք անգամ չէր կարող լինել մի ամբողջ շարք առաջավոր երկրներում ժամանակակից դեմոկրատիայի` որևէ իսկապես ինքնուրույն և բուրժուազիայի գերհասունացման ու անկման դարաշրջանին համապատասխանող գործողության մասին։ Գլխավոր դասակարգը, որն այն ժամանակ, այդ պատերազմների ժամանակ և մասնակցելով այդ պատերազմներին, գնում էր վերընթաց գծով և որը միայն ինքը կարող էր ճնշող ուժով դուրս գալ ֆեոդալական-աբսոլյուտիստական շերտերով հիմնարկությունների դեմ,—բուրժուազիան էր։ Զանազան երկրներում, տարբեր շերտերով ներկայացնելով ունևոր ապրանքարտադրողներին, այդ բուրժուազիան տարբեր աստիճանի պրոգրեսիվ էր, և երբեմն (օր. իտալական բուրժուազիայի մի մասը 1859 թվականին) նույնիսկ ռևոլյուցիոն, բայց դարաշրջանի ընդհանուր