Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշերը «աստղունք» դրինք. առավոտյան լուսաբացին տվինք խմեց: Բայց և այնպես, այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցին իմ երեխիս։

— Զարմանալի է, իրավ զարմանալի գլուխը շարժելով կրկնեց ծերունի Մկրտիչը։

Այդ միջոցին վարպետ Պետրոսը հիվանդի մոտ չէր, Նա յուր առանձնարանում, ո՞վ գիտե, ինչ գործողությամբ էր զբաղված՝ յուր երեխան մահից փրկելու համար։ Բայց պառավ Մարթան երկար խոսակցությունից, երկար խորհրդակցությունից հետո պատվիրեց, որ առավոտյան ժամ և պատարագ անել տան, աղքատներին հաց բաշխեն և շահեն սրբերի կամքը։ Այնուհետև դուրս գնաց յուր ծերունի ամուսնու հետ՝ մաղթելով հիվանդին առողջություն։

Հաջորդ օրվա առավոտյան Ծաղկավանի սուրբ Գևորգ եկեղեցու մեջ հիվանդի համար պատարագ մատուցվելուց հետո, բոլոր ժողովուրդը երեք անգամ «տեր ողորմյա» ասելուց հետո, երբ ժամը դուրս եկավ, բոլոր եկեղեցականները հասարակ ժողովրդի հետ միասին՝ գնացին Հովասաբենց տունը։ Այստեղ տիկին Թարլանը կես գիշերից հոգացել էր առատ և ճոխ «ժամուհաց»։ Երբ բոլորը կերան-լիացան, ոտքի ելան, և մի-մի վառած մոմ ձեռքերին բռնած «պաշտում» կատարեցին, և հիվանդին առողջություն խնդրելով, Հովասաբենց ննջեցյալներին հանգիստ, արքայություն, և կենդանյացը բարի հաջողություն մաղթելով՝ դուրս գնացին: Բայց տեր Մարուքը՝ Հովասաբենց ծխատեր քահանան և մահտեսի Ավետիսը՝ նրանց խնամին, մի քանի ծերերի հետ, մնացին վարպետ Պետրոսի մոտ և նրան մխիթարելու և տխրությունը ցրվելու համար խոսակցում էին այս ու այն դատարկ առարկաների վրա։

Բայց կից սենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, շրջապատված մի քանի հնացած և փտած հասկացողությամբ պառավներով, որոնց թվումն էին Հուրի Խան-Դայան՝ մահտեսի Ավետիսի մայրը և Մարթան՝ ծերունի Մկրտիչի կինը—ծանր ու բարակ մոլեռանդ կերպով խոսակցում էին զանազան խնդիրների մասին։

— Աստուծով... այս ավուր «պաշտում-պատարագը» և մեր զորավոր սուրբ Գևորգը կազատեն Սալբին հիվանդությունից,- խոսեց պառավ Մարթան։

— Այդ ճիշտ է,— նրա խոսքը կտրեց Հուրի Խան-Դայան.— բայց Ղալ... գյուղի Աղքիլիսան, այդ հրաշալի եկեղեցին բոլորից զորավորն է. մի անգամ իմ փոքրիկ Պողոսը հիվանդ էր. մենք հույս չունեինք նրա կյանքի մասին, բայց ես վերցրի մի խոյ մատաղացու,