Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզվում էր, հետևաբար ընդունելով գորշ դեղնապղնձի բրոնզային սևությունը։ Իսկ աշունքի ցրտերը խառնելով այդ գորշության հետ փոքրիշատե կարմրություն, նրա դեմքը ստանում էր լերդի գույն։ Իսկ ձմեռն ավելի լրջանում էր նա և միևնույն ժամանակ նմանություն էր բերում հնդկահավի գլխի գույնին։

Բայց թե ինչ հոգեբանական և բնագիտական գաղտնիք կար նրանում, այդ դժվար է բացատրել․ մենք թողնում ենք ժամանակին և արհեստին լուծել այդ խնդիրը։

Նրա մարմնի կազմության մեջ ավելի հետաքրքրական մի երևույթ էր ահագին փորը։ Այդ բախտավոր փորը, լավ է ևս ասել, այդ ամեն ապականության մթերանոցը, վաղուց արդեն ծառայում էր Բաքոսի տարրին։ Եվ կարելի է նախանձվելով, թե ինչո՞ւ գինետների ռուբինքը կարող էին տանել իրանց մեջ այնքան հարյուրավոր թունգիներ այն օրհնյալ հեղուկից, որ շնորհում են Կախեթիայի որթերը, ինքն նույնպես աշխատել էր այնքան լայնանալ, գուցե նրանց մեծությանը հասներ։ Բայց եթե Ճանճուր Իվանիչի փորը ունենար որևիցե զգացողություն, ես պարտավորություն կհամարեի կարդալ նրան Եզոպոսյան գորտի առակը, թե այդ օրըստօրե տարապայման ուռուցքը ոչ միայն չէր հասցնելու նրան յուր սիրելի նպատակին, այլ մի օր, շատ հավանական է, պատճառելու էր սաստիկ պայթումն և տրաքոց։ Միայն ցավալի է ասել, որպես Ճանճուր Իվանիչը, նույնպես և յուր բարեբախտ փորը, զուրկ էին ամենայն մարդկային զգացողությունից։ Մենք բարվոք ենք համարում լռել, ի նկատի ունենալով, որ նա շատ էլ փոքր մնացած չէր ռումբիից։

Արդարև, այդ մսեղեն բլուրը ձևացնում էր երկրագնդի վրա մի անպիտան ծանրություն, բոլորովին անօգուտ մարդկային հասարակությանը, այնուամենայնիվ իսպառ չէին կորցնելու նրա այնքան ջանքերը, հաստացնելու և պարուրելու յուր մարմինը, որովհետև կգար բախտավոր օրը, երբ ճճիք, զեռունները, օձերը և մողեսները նրա շնորհիվ կարող էին ամբողջ ամիս խրախճան կազմել և քեֆ անել նրա գերեզմանում, ունենալով առատ ու լի սեղան։ Այդ, իմ կարծիքով, ավելի կնպաստեր մյուս աշխարհում նրա հոգվո փրկությանը, քան թե այն հոգեհացն, որ որոշելով բազմաթիվ զոհերի արյան գնից, պիտի տային աղքատներին և հարուստներին նրա մահվան պատարագը կատարելուց հետո։

Ճանճուր Իվանիչի հագուստները ունեին առանձին խորհրդական հատկություններ, որոնք համապատասխան էին նրա կոշտ և անգեղասեր ճաշակին։ Նրա սև մահուդի կաբան գուցե կրում էր