Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այս երկրորդ օրն է։

— Ուսյա՞լ մարդ է։

— Մեր դիրեկտորը նրա մոտ ինչպես մի աշակերտ։

— Հրավիրի՛ր, հրավիրի՛ր, Գրիգոլ,— համարյա հրճվանքով ասաց օրիորդ Սոֆին։

Հանկարծ ներս մտավ տիկին Բարբարեն․ նա ողջունեց յուր զավակներին, նստեց և սկսեց պատմել մի երազ, որ տեսել էր այն գիշեր։

Խոսակցությունը քույր և եղբոր մեջ ընդհատվեցավ։

ԻԱ

Որքան հայտնի է մեր ընթերցողին, Հացի—Գելենք, իբրև ստորին դասակարգի մարդիկ, զուրկ էին ընտանեկան հարաբերություններից այն գերդաստանների հետ, որոնք պատկանում էին հասարակության բարձր դասին։ Եվ ամառանոցի բնակիչները լինելով ըստ մեծի մասին զանազան աստիճանավորների և զանազան ազնվականների գերդաստաններ, Հացի-Գելենք զրկված էին ամենայն հարաբերություններից նրանց հետ, որովհետև նոր երևույթ էր քաղաքում, որ հասարակ վաճառականի ընտանիքը հանկարծ հայտնվել էր ամառանոցի շրջանում։

Այդ հանգամանքների պատճառով ամառանոցի կյանքը Հացի—Գելենց համար դեռևս մի առանձին զվարճություն չուներ. այլ, ընդհակառակն, նրանք անց էին կացնում շատ տխուր, առավելապես օրիորդ Սոֆին շատ էր տխրում, թեև պատանի Մայիլովի այցելությունները բավական մխիթարում էին նրան։

Նույն առավոտ յուր թեթևամիտ եղբորից լսելով Պետերբուրգի համալսարանի ուսանողի մասին, օրիորդ Սոֆին անհամբերությամբ սպասում էր երեկոյին, երբ նա Գրիգոլի հրավիրելով պիտի գար իրանց տուն։ Ուսանողի անունը, ուսանողի կյանքը վաղուց տպավորել էին նրա երևակայության մեջ զանազան ախորժելի գաղափարներ։

Բայց օրիորդը բոլորովին չէր հավատում յուր եղբոր խոսքերին․ այդ պատճառով այն օր նա չէր հեռանում լուսամուտից, գուցե տեսներ իրանց դրացի նորեկ հյուրը, բայց նրա աշխատություններն իզուր անցան, նա ոչ մի նոր մարդ չտեսավ։