Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ե՞րբ պիտի տպագրության տաս այս աշխատությունդ,— հարցրեց Արամյանը։

— Ո՞րտեղ և ո՞ւմ համար։

— Արդարև, այստեղ չի տպվի, բայց ինչո՞ւ ո՜ւմ համար։

— Ո՞վ պիտի կարդա։

— Դու կարծում ես մերայինը ուշադրություն չե՞ն դարձնիլ մի այսպիսի գրքի վրա։

— Ամենևի՜ն։

— Ուրեմն էլ չե՞ս գրում։

— Ո՜չ։

— Այստեղ տաղտկալի չէ՞ քեզ միայնակ։

— Ես միշտ միայնակ չեմ մնում, այլ լինում են ինձ մոտ և հյուրեր,— պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ։ — Գիշերները շատ անգամ գալիս է ինձ մոտ տանտիկին գերմանուհի պառավը, նստում է և ամբողջ ժամերով սկսում է շատախոսել․ նա պատմում է յուր մանկությունից, յուր հանգուցյալ ամուսնուց, իրանց հայրենիքից, նա պատմում է ինձ և այլ զանազան դատարկ բաներ։ Եվ ամեն առավոտ վիզիտով մտնում է ինձ մոտ տանտիրոջ կատուն, նա մռռալով պտտվում է իմ չորս կողմը, որպես թե կամենում է ինձ հետ պարել, պոչը կամարաձև բոլորում է մեջքի վրա, մի քանի անգամ քսմսվում է իմ ոտներին և հեռանում։ Բայց նորահաս գերմանուհի աղջիկը, որ ծառայում է ինձ, մի քանի րոպե է միայն ինձ մոտ մնում, մայրը վախենում է նրան երկար ինձ մոտ թողնել։

Երկու ընկերների մեջ այդպես կես ժամ ևս տևեց խոսակցությունը, մինչև Արամյանը վեր կացավ և ասաց․

— Այսօր ես մի քանի տեղ ունիմ գնալու․ դու պատրաստվիր, Սմբատ, երեկոյան հովին ճանապարհ կընկնենք։

— Ես կգամ, միայն մի քանի օրով։

— Այդ ոչինչ, միայն պատրաստ եղիր երեկոյան։

Արամյանը հեռացավ։

ԻԵ

Ինչ որ Ճանճուր Իվանիչի ընտանիքը գնացել էր Կոջոր, նա գոնե մի անգամ չէր եղել նրանց մոտ։ Բայց քաղաքում խորովվելով հուլիսյան արևի տաքությունից, փոշի կուլ տալով, յուր հաստ փափախը