Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատվավոր մարդիկ բարևեցին նրան, նա թեթև կերպով շարժեց գլխով և ոչ մինի հետ չխոսեց։

Ներսից լսելի եղավ մուզիկայի ձայնը։ Օրիորդը վերադարձավ յուր օթյակը։

Քաջբերունին համարյա չէր նկատում, թե ինչ էր ներկայացվում բեմի վրա, նրա բոլոր ուշքն ու միտքը դարձած էր դեպի խորհրդավոր օրիորդը։

Ներկայացման այդ տեսարանում, երբ սպանող X․...-ը դրեց բեմի վրա անբախտ N...-ի դիակը, Քաջբերունին նշմարեց հայտնի փոփոխություն օրիորդի դեմքի վրա. նրա աչքերը վառվեցան, և նրա երեսի վրա խաղաց թեթև կարմրություն։ Կարծես նրա անբարբառ դեմքն ասում էր. «արժանավոր հատուցումն հիմար սերին»։

Երբ վարագույրը վայր իջավ, Քաջբերունին շուտով դուրս գնաց, մտածելով հետևել այն օրիորդին, ուր և գնա նա, և տեսնել, թե ո՛րտեղ է բնակվում։ Օրիորդը դուրս եկավ և իսկույն կառք նստեց։ Ինքը նույնպես շտապեց կառքով հետևել նրան։ Հանկարծ հիշեց, որ մոռացել է վերարկուն վեր առնել։ Մինչև դառնալն ու վերարկուն վեր առնելը, օրիորդի կառքն անհետացել էր։

Նա հանդիպեց Արամյանին, որ նրան որոնում էր։

— Ո՞ւր մնացիր,— հարցրեց Արամյանը։

Քաջբերունին ոչինչ չպատասխանեց և կրկին նստավ կառք, ակնարկելով յուր ընկերին՝ նույնպես նստել։

Նրանք բոլորովին լուռ և անխոս հասան տուն։ Արամյանը նորոգեց յուր խոսակցությունը հայկական թատրոնի մասին։

— Դու ավելի լավ կանես առժամանակ թողնես թատրոնի հարցը և հոգաս մի բան ուտելու, քաղցած փորով չի կարելի քնել,— ասաց նրան Քաջբերունին։

— Տանտերն այժմ քնած կլինի։

— Ինչպես և լինի մի բան գտիր։

Արամյանը գնաց մյուս սենյակը և դարձավ մատուցարանը ձեռքին։

— Ճաշից մնացել է կես շիշ գինի, մի փոքր պանիր և մի քանի կտոր հաց,— ասաց նա։

— Այդ էլ բավական է։

Նրանք սկսեցին վայելել իրանց աղքատիկ ընթրիքը։

— Ճշմարիտ, Սմբատ, այս գիշեր իմ զգացմունքներս մինչ այն աստիճան գրգռված էին, որ ամենևին չեմ քնել, այսօրվանից պիտի սկսեմ մի լավ դրամա գրել հայոց լեզվով, և եթե կարելի չլինի