Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք Լիզան և Ելենան, իջուցանելով իրանց նվիրական տեղից, կյուրակե օրերը ածում էին, լեզգինկա էին խաղում, մի փոքր կենդանացնելով իրանց տխուր մելամաղձական բնակարանի գերեզմանական լռությունը։

Ճանճուր Իվանիչը, որպես հասարակորեն ասում են, «փողոցի մարդ էր». նա ավելի ուշադրություն չէր դարձնում յուր տան տնտեսական կառավարության վրա, այլ սովորաբար ամեն առավոտ վաղ զարթնում էր, մինչդեռ նրա ընտանիքը քնած էին, շատ անգամ առանց թեյ խմելու, երեսը խաչակնքելով, տանից դուրս էր գալիս և դիմում էր բազար։ Նա գտնում էր յուր գործակատարներին յուր խանութը բացած և ամենայն ինչ կարգին դրած, նրանց հարկավոր պատվերները տալուց հետո ինքը դուրս էր գալիս փողոց, ամեն մի հանդիպող մարդուն գլուխ էր տալիս, մի փոքր ծիծաղում էր, կեղծավորում էր, շախուշուխ էր անում․ «դու իմ անգին բարեկամս ես» ասելով հեռանում էր, յուր մտքի մեջ կրկնելով «հե՜յ, շուն շան որդի» և այլ հայհոյանքներ դեպի «անգին բարեկամը»։ Այնուհետև նա գնում էր դեպի մեյդանը, մանրամասնաբար հարցնում էր ալյուրի, սոխի, մոթալի և ցոցխալի գները, և եթե գտնում էր մի խեղճ թարաքամա կամ վրացի, ուտելու ապրանքը ձեռքին շվար մնացած, ամբողջ ժամեր նրա հետ բազար էր անում, մինչև զանազան հույսեր տալով, խաբում էր այն միամտին և, խղճալու ապրանքն համարյա կես գնով գնելով, մշակի շալակն էր տալիս և տուն ուղարկում: Իսկ եթե չէին պատահում նրան այդպիսի որսեր, «է՜հ, սով է եղել» ասելով ունքերը կիտում էր և հուսահատությամբ հեռանում մեյդանից։

Ճրագվառոցին Ճանճուր Իվանիչը տուն էր դառնում յուր սովորական թթված և խոժոռած ռեխով. թեյի մեքենան սպասում էր նրան թախտի վրա։ Նա առանց բարի իրիգուն ասելու կամ մինի հետ խոսելու նստում էր։ Սարսափելի էր նրա դրությունը, երբ նկատում էր տան մեջ յուր կամքին ընդդեմ փոքրիշատե լավ կամ վատ փոփոխություն. օրինակի համար` եթե թեյը սովորական չափից շատ էին գցած և թունդ էր, կամ մի ճրագի փոխարեն վառվում էր երկուսը, և կամ մանղալի մեջ ածուխներն ավելի շատ էին դրած, և այլ այդպիսիք։ Նա, արջի նման կատաղելով, սկսում էր մրթմրթալ, և աղախնին ու ծառային կուշտ սրտով հայհոյելուց և յուր կնոջ ու զավակների ուրախությունը խռովելուց հետո, նրանց թեյըմպությունը զահրուրմար էր շինում, և շատ անգամ յուր սրտի զայրույթը թափելով շան կամ կատվի վրա, նրանց գլխին մի քանի