Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը,— խոսեց օրիորդ Աննան․—մեր քաղաքում աղջիկները ոչինչ չգիտեն, նրանք՝ աղքատ թե հարուստ, համարյա բոլորովին անգործ են և իրանց տան լուսամուտների առջև նստած, դեպի փողոց են նայում առավոտից մինչև իրիկուն և այդպես աննպատակ անցկացնում իրանց ժամանակը։ Ես նախանձում եմ այս քաղաքի եվրոպական աղջկերանց, որոնք զանազան թեթև արհեստների մեջ օգնում են իրանց տղամարդոց և առևտրական խանութներում մեծ գործ են կատարում։

— Իգական սեռը այս՝ թեև եվրոպական քաղաքում՝ տակավին կրում է յուր ճակատի վրա ասիականության սև կնիքը, — պատասխանեց Քաջբերունին.— թեև նրանք հեռացան տների խորշերից, բայց նրանք այդ եվրոպական ազատությունը հանդիսացնում են միայն իրանց արձակ համարձակ զբոսանքներով և փողոցները չափչփելով և ոչ թե հրապարակ դուրս գալով իբրև մարդ, որ գործեր յուր մտավոր ու նյութական բարօրության համար։

Աղախինը ներս մտավ և հայտնեց, թե տիկին Եղիսաբեթր խնդրում է հյուրերին գալ յուր մոտ թեյ խմելու։

Նրանք գնացին դահլիճ։

Տիկինը խիստ բարեսրտությամբ բարևեց նրանց և գանգատվեցավ, թե ինչո՞ւ այնպես ուշ էին գալիս իրանց մոտ. մանուկ տղամարդիկը հայտնեցին մի քանի պատճառներ, թե զբաղված հին, գործ ունեին և այլն, բայց տիկինը ոչ մինը չընդունեց և դարձյալ խնդրեց՝ որքան կարելի է հաճախ գային։

—Մայրիկ,— ասաց օրիորդ Աննան,— պարոն Արամյանը մի աշխատություն ունի, մի քանի օր առաջ ես խնդրեցի, որ բերեր մեզ մոտ կարդալու, շնորհակալ եմ, որ նա կատարեց իմ խնդիրքը, մենք այսօր կունենանք գրականական երեկո, պարոն Արամյանը կկարդա յուր եղերերգությունը։

— Իմ կողմից ևս շնորհակալություն պարոն Արամյանին, որը կատարել է քո խնդիրքը, — խոսեց տիկինը, — նա այնքան բարեսիրտ է, որ հանձն է առնում այդպիսի նեղություն։

— Այդ ինձ համար նեղություն չէ, — պատասխանեց Արամյանը,— ես ուրախ կլինեի, եթե իմ գիրքը գրավեր ձեր ուշադրությունը.

Օրիորդ Աննան ինքն սկսավ թել մատակարարեր։

Տիկին Եղիսաբեթր հարցրեց Արամյանից, թե ի՞նչ է նրա գրքի բովանդակությունը։ Արամյանը համառոտ պատմեց սուրբ Վարդանանց քաջագործությունները և նրա նահատակությունը։ Տիկին Եղիսաբեթր թեև գովեց նրա աշխատությունը, բայց այսպես վերջացրեց.