Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեղք է մի այդպիսի սուրբ գործ ներկայացնել թատրոնական բեմի վրա։

Արամյանը չկամեցավ դիմադրել նրա ջերմեռանդությանը, այդ պատճառով ոչինչ չպատասխանեց։

Թեյից հետո Արամյանից խնդրեցին, որ կարդա։ Օրիորդ Աննան յուր քրոջն ու եղբորը նույնպես պատվիրեց, որ նստեն և լսեն։ Արամյանը կամեցավ մի քանի նշանավոր տեղեր որոշել կարդալու համար։

— Ո՛չ,— ասաց օրիորդ Աննան,— դուք սկսեցեք սկզբից, ես ցանկանում եմ ծանոթանալ ձեր գրքի ամբողջ պարունակությանը. եթե այս գիշեր չվերջացնենք, կնշանակենք մի այլ գիշեր ևս։

Արամյանը հաճեցավ և ընթերցանությունն սկսեց. բոլորն էլ ուշադրությամբ լսում էին։

Քաջբերունուն բավական հայտնի լինելով յուր ընկերի աշխատությունը և պարունակությունը, նա ականջ չէր դնում, միայն նստած մի մեծ բազկաթոռի վրա՝ ուշադրությամբ նայում էր օրիորդ Աննայի երեսին և զննում նրա դեմքի ամեն մի փոփոխությունը, ամեն մի արտահայտությունը բոլոր ընթերցանության ժամանակ։ Քաջբերունին նկատում էր, որ այն տեղերը, ուր բանաստեղծը նկարագրում էր պատերազմական քաջագործությունները հայ հերոսների, կռվի աղմուկը, թշնամու կոտորածը և քաջ Վարդանի խրախուսական ձայները՝ օրիորդի դեմքը բացատրում էր խորին քաջազնական ոգևորություն, և նրա սիրուն աչքերը բոցավառվում էին սարսափելի փայլողությամբ։ Կարծես ինքը սուրը ձեռքին կռվի դաշտում պաշտպանում է հայրենիքը։ Իսկ այն տեղերը, ուր նկարագրվում էին ուրացողների թուլասրտությունները, Վասակի մատնությունները և կամ հայոց քաջերի ընկնիլը պատերազմի դաշտում, օրիորդի դեմքը մռայլվում էր, և մի քանի անգամ Քաջբերունին տեսավ, որ նա գաղտնի երեսը շրջեց դեպի մյուս կողմ և սրբեց արտասուքը աչքերից։

Արամյանը հոգնելու չափ կարդաց։

Քաջբերունին նկատելով, որ ընթերցանությունը հետզհետե ճնշող տպավորություն է գործում օրիորդի վրա, խնդրեց Արամյանից՝ դադարել կարդալուց։

— Շա՛տ ապրիս, շատ լավ ես գրել,— խոսեց տիկին Եղիսաբեթը,— աստված ավելի շնորհք տա։

— Անկեղծությամբ եմ ասում,— խոսեց օրիորդը,— ես մինչև այսօր քանի-քանի գրվածքներ, թե՛ ոտանավոր և թե՛ արձակ շարադրություններ եմ կարդացել Վարդանանց քաջերի վրա, բայց