Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճաշի ժամանակ օրիորդին նստացրել էին յուր հանդերձյալ փեսացուի մոտ։ Նրան կոչում էին Դաբաղյան։ (Հայրը դաբաղխանայում դաբաղի, այսինքն կաշեգործի բանվոր էր:) Բայց օրիորդը միշտ Դաբաղով էր կոչում նրան, որը սաստիկ տհաճություն էր պատճառում երիտասարդին, որովհետև նա իրան լավ հայ էր համարում։ Կարծես այդ օծված, կոկված երիտասարդից դեռ զգացվում էր ա՛յն անախորժ հոտը, որ փչում է դաբաղխանայում։ Համալսարանը, բարձր կրթությունը չէր կարողացել ոչնչացնել նրան։ Այդ հոտը զգում էր և օրիորդը, բայց թաքցնում էր յուր զըզվանքը։

Օրիորդը մի նիհար, բարձրահասակ աղջիկ էր, որ խիստ հազվագյուտ երևույթ էր Թիֆլիսի կարճահասակ կանանց մեջ։ Նրա գունաթափ դեմքի վրա վառվում էին մի զույգ կրքոտ աչքեր, որ դրված էին հազիվ նշմարելի մուգ-կապտագույն շրջանակի մեջ։ Նա գեղեցիկ չէր, բայց բավական հաճելի և համակրական դեմք ուներ։ Իսկ հայրը, իբրև վաճառական, յուր ապրանքը ավելի հաճելի ցույց տալու վարպետությունն ուներ։ Նա յուր խանութում երբեք լավ ապրանքը լավի հետ չէր ցույց տա, այլ միշտ լավը վատի հետ ցույց կտար, որ զանազանությունը նկատվի։ Այդ էր պատճառը, որ հյուրերի թվում ոչ մի գեղեցիկ օրիորդ կամ կին չկար, թեև Աղա-Պարոնովների բարեկամների մեջ կային մի քանի գեղեցիկներ, բայց չէին հրավիրված։ Հրավիրել էին միայն տգեղներին, և օրիորդ Անիչկան հրեշների մեջ փայլում էր, որպես բոլորի դիցուհին։

Բայց այդ դեպքում Սերգեյ Եդորիշը մի սխալ էր արել, որ փոխանակ աղջկան այս կամ այն կերպով ցույց տալու, ավելի շուտով նպատակի կհասներ, եթե յուր սնդուկը բաց աներ և փողերը ցույց տար պարոն Դաբաղյանին։

Հինգ տարի էր, որ օրիորդը ավարտել էր տեղային իգական գիմնազիոնում և համարվում էր լավ աշակերտուհիներից մեկը, բայց տակավին ֆրանսերենի ուսուցիչը և դաշնամուրի ուսուցիչը շարունակում էին հաճախել, թեև նա մի առանձին ձիրք չէր ցույց տալիս ոչ ֆրանսերեն լեզվի մեջ և ոչ երաժշտության մեջ։ Նա այն օր հագել էր մի նոր հագուստ, որ յուր տոնի առիթով մայրը հատկապես բերել էր տվել Փարիզից, և ավելի քան հազար ռուբլի արժեք ուներ։ Փարիզում մի հայտնի տարազագործի մոտ միշտ պահվում էր օրիորդի չափսը։ Պարոն Դաբաղյանը աշխատում էր զբաղեցնել օրիորդին, բայց խոսակցությունը չէր կպչում։ Նրանք ավելի հարց ու պատասխաններով