Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին զբաղված, քան թե խոսակցությամբ։ Զանազան գրքերի անուններ տալով, անդադար հարցնում էր երիտասարդը.

— Դուք, Աննա Սերգեևնա, կարդացե՞լ եք այսինչ գիրքը։

— Կարդացել եմ,— ժպտալով պատասխանում էր օրիորդը։

Երբեմն խոսակցության մեջ խառնվում էր և մայրը, ասելով, որ «յուր Անիչկան» բոլոր գրքերը ունի և կարդացել է։ Այդ ուղիղ էր, որ նրա Անիչկան շատ գրքեր ուներ, իսկ արդյոք կարդու՞մ էր, դա դեռևս հարց էր։ Փառակազմ գրքերը այնպես շարված էին պահարաններում, իբրև զարդարանք, որպես շքեղ ալբոմները դրված էին սեղանների վրա։ Ծիծաղելին այն էր, որ գրքերը անգրագետ մայրն էր ընտրում յուր Անիչկայի համար, որպես ընտրում էր Տալլեի կամ Սեգալի մագազինից նրա հագուստի համար գործվածներ։ Մտնում էր այս կամ այն գրավաճառանոցը և, ի՞նչ գիրք որ աչքին դյուր էր գալիս, գնում էր։ Մի անդամ գնեց Բերնաչտամից[1] - - ֊ -, որովհետև կազմը բավական փառավոր էր։ Գրավաճառ գերմանացին նրա ետևից կուշտ փորով ծիծաղեց, երբ իմացավ, թե աղջկա համար է տանում։

Աղա-Պարոնովների ընտանիքից ներկա էր սեղանին և Անիչկայի փոքր քույրը, որին կոչում էին Էլիչկա։ Նա դեռ դպրոց չէր գնում, պարապում էր տանը, մի ֆրանսիացի դաստիարակչուհու հոգաբարձության ներքո, որ միշտ գանգատվում էր, թե յուր արհեստական ատամները խորովածը լավ չեն կարողանում ծամել, թեև շատ սիրում է։ Այժմ ևս, յուր սանիկի մոտ նստած, նույն գանգատն էր սկսել։ Ներկա էր սեղանին և Անիչկայի եղբայրը, Գրիշան, մի չար գիմնազիստ, անդադար հորանջում էր, ձանձրանում էր, թե ե՞րբ կվերջանա անտանելի ճաշը, որ տանից դուրս փախչեի գնա բուլվարները չափելու։

Պատանու ձանձրույթը փարատվեցավ, երբ դատարկեցին շամպանիայի վերջին բաժակը օրվա հերոսուհու կենացը և, բոլոր հյուրերը մոտենալով, սեղմեցին նրա ծնողաց ձեռքը և ապա զանազան բարեմաղթություններով դիմեցին օրիորդին։

Հյուրերը սեղանատնից դուրս եկան ընդարձակ դահլիճը, որը զարդարված էր ամեն տեսակ շքեղություններով։

Տիկին Աղա-Պարոնովը համարվում էր ծաղկասեր, այդ պատճառով դահլիճի լուսամուտները զարդարած էին գույնզգույն կամելիաներով և ամենահազվագյուտ միջօրեական բույսերով։ Մի անկյունում

  1. Բնագրի մեջ հեղինակը գրքի խորագրի տեղը բաց է թողել։ Հրատ․։