Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը վազեց յուր սենյակը, բայց հագուստը չփոխեց։ Այնպես ընկավ թավիշյա դիվանի վրա և, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ...

Դ

Քաղաքի Երևանյան հրապարակի վրա կանգնած էր մի քառակուսի մեծ շենք, որ կոչվում էր քարվանասար։ Նրա չորս կողմի գլխավոր մուտքերի աջ և ահյակ կողմերում հսկում էին մի-մի զույգ արույրյա սև արձաններ, որ ներկայացնում էին թևավոր առյուծներ արծվի գլխով։ Թե ի՞նչ իմաստ ունեին այդ առասպելյալ գազանները, կամ ի՞նչ խորհրդով շենքի տերը դրել էր նրանց յուր քարվանսարայի մուտքերի մոտ, դժվար է բացատրել։ Միայն առյուծը յուր ահարկու ճիրաններով և արծիվր յուր բաց արած անհագ բերանով այնպիսի սպառնական տպավորություն էին գործում, կարծես, զգուշացնելիս լինեին հաճախորդներին, ասելով. «ապա մի ներս մտեք, կտեսնեք, թե ի՞նչպես մեր եղբայր-գիշակերները այնտեղ կկեղեքեն ձեզ»...

Դա առաջին շենքն էր ամբողջ Թիֆլիսում, որ պահպանելով հին, ասիական անունը` «քարվանսարա», իբրև թե եվրոպական առևտրական տան ձև ստացավ և յուր մեջ հավաքեց այն վաճառականներին, որոնք նույնպես, պահպանելով ասիական բարքն ու վարքը, միայն իրանց արխալուղն և գաբան եվրոպական սերթուկի փոխեցին։

Այդ քարվանսարայի սրտումն էր կառուցված Մելպոմնեի սրբազան տաճարը -Թիֆլիսի առաջին թատրոնը: Հայն ու վրացին, կովկասյան կոպիտ լեռնցին` առաջին անգամ այստեղ լսեցին իտալական օպերաներ, չհասկացան, բայց երկար խնդացին... Այստեղ թիֆլիսեցին տարիներով զվարճանում էր անհամեստ բալետներով, որը միմիայն հասկանալի էր նրան...

Մի տարօրինակ համակցություն` քարվանսարայի մեջ թատրոն։ Քարվանսարայի գրկում սեղմված էր գեղարվեստի և հանճարի թագուհին, իսկ նրա շուրջը թագավորում էր վաճառականության խաբեբա աստվածը -Հերմեսը։ Մրցությունը զգալի էր։ Վերջինը հաղթեց, և մի գիշեր կրակը լափեց ամբողջ թատրոնը։ Նրա տեղը բռնեցին դարձյալ խանութներ։

Սույն քարվանսարայումն էր գտնվում և Աղա-Պարոնովի մեծափարթամ խանութը։