Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարող ես։ Մի փոքր նստիր, ես ուրիշ բան պիտի հարցնեմ, մի բան միայն։

Օրիորդը մոտեցավ պարոն Արուսյանի գրասեղանին, առեց այնտեղի վերջին մնացած պապիրոսը, վառեց և ձգվեցավ դիվանի վրա։ Նա կրկին սկսեց հառաչել, թե «ոտները շան նման հաչում են»։

— Երևի, շատ ես թափառել։

— Ա՜խ, ո՛րտեղ ասես չեմ եղել։

— Օրինակ, ո՞րտեղ։

— Դու դարձյալ սկսեցիր քո հարցուփորձը,— ընդմիջեց օրիորդը, տեղից վեր կենալով։ — Դու խոստացար միայն մի բան հարցնել։ Ցտեսություն։

— Լավ, նստիր, ուրիշ բան չեմ հարցնի։

Նա կրկին ձգվեցավ դիվանի վրա, սկսեց ծխել:

Նրա տոհմանունը Վահրամյան էր, իսկ անունը Վարդուհի, բայց ծանոթները կոչում էին օրիորդ «Ցտեսություն»։ Այդ մականունը ստացել էր նա իր չափազանց շրջմոլիկ սովորության պատճառով, որ նրա մեջ համարյա մի առանձին ախտ էր դարձել։ Ամեն օր, գործով թե անգործ, պետք է անպատճառ յուր բոլոր ծանոթների մոտ մտներ և, ոտքի վրա մի քանի խոսք խոսելով, և վերջը «ցտեսություն» ասելով շտապով հեռանար։ Նրա մեջ տևողական ոչինչ չկար, բացի յուր բարի սիրտը։ Ամեն ինչ սկսել էր և այնպես կիսատ թողել։ Յուր բախտը և ընդունակությունները զանազան ձեռնարկությունների մեջ փորձելուց հետո, այժմ սկսել էր մանկաբարձություն սովորել, որ մի կտոր հաց գտնե։ Եղել էր արտասահմանում, եղել էր Շվեյցարիայում, շատ խոսացել էր, բայց ոչինչ չէր սովորել։ Սիրահար էր գեղարվեստի և գեղարվեստով պարապողների և նրանց համար ամեն հանձնարարություն պատրաստ էր կատարել։ Պարոն Արուսյանի հետ նրա հարաբերությունը կատարյալ բարեկամական էր։ Երիտասարդը սաստիկ հարգում էր այդ եռանդոտ, բայց անբախտ աղջկան։ Նա, օրիորդ Սաթենիկի նման, չէր մերժի ծանոթների օգնությունը երբ դրամի պետք ուներ, իսկ եթե նրանց մեջ կարոտություն նկատեր, յուր վերջին լուման կտար: Բոլորովին գռեհիկ և խստաբարո ծնողների զավակ էր, յուր ամբողջ կյանքում նրանցից որևէ մխիթարություն չէր տեսել։ Ծնողները հալածում էին նրան, որովհետև իրանց նման չէր։

Սամովարը ձեռին, կրկին հայտնվեցավ Հայրապետը և, խեթ կերպով նայելով դեպի օրիորդը, դրեց սեղանի վրա։

— Ա՛յ, խելացի բան, տեսա՞ր, սիրելի Հայրապետ,— ծիծաղելով