Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկը ներկայացնում էր նրա ստորերկրյա ներքնատունը, որ մի առանձին ծածկամտությամբ ընկղմված էր գետնի խորքում, կարծես յուր կասկածավոր բովանդակությունը դրսի աշխարհից թաքցնելու համար։ Օրվա լույսը անզոր էր թափանցելու նրա բազմաթիվ մթին նկուղներում, որոնց մեջ՝ առանց ճրագների առաջնորդության՝ անհնար էր մտնել։ Զանազան ոլոր-մոլոր նրբանցքներ, ծածկված սևացած կամարներով, տանում էին դեպի այդ ստորերկրյա լաբիրինթոսի զանազան կողմերը, ուր թագավորում էր մշտական մռայլը՝ մշտական փտության հետ։ Դա նման էր այն գետնափոր դամբարաններին, ուր մի ժամանակ պահվում էին մարդկանց կմախքները կամ զմռսած դիակները։ Իսկ այժմ դիակների փոխարեն պահվում էին այնտեղ վերին հարկերում գործող վաճառականների մթերքները։— Մի ամբարանոց, ուր դարձյալ ամբարված էր խավարի իշխանության խավար հարստությունը։

Ներքնատան մի մասը բռնել էր մի ասիական հյուրանոց։

Մի առանձին տարակուսանք էր հարուցանում, թե ի՞նչու այդ տարօրինակ հյուրանոցը խույս էր տվել լույս աշխարհից և ապաստան էր գտել գետնի խորքում։ Նա ոչ մի ընդհանուր սեղանատուն չուներ։ Ամբողջ հյուրանոցը բաղկացած էր մանր, միմյանցից անջատված օթյակներից, ուր հաճախորդները առանձնանում էին, և, դռները կողպելով, այնպես էին ճաշում։ Օդի և լույսի շարժում չկար այնտեղ։ Կար միայն մի մռայլ հասարակություն, որ ուրվականների նման խլրտում էին մթին խորշերում։

Ցերեկով մարդիկ ամաչում էին մտնել այնտեղ. հաճախում էին միայն գիշերով։ Հաճախորդների թվում կարելի էր գտնել ամեն տեսակ հասարակություն, որոնց խելքին փչում էր գոնե մի անգամ ասիական հյուրանոցում ասիական «քեֆ» անել։ Կերակուրները ասիական էին, սպասավորները ասիական էին,— ասիական էր և սոխի ու սխտորի անախորժ հոտը, որ փոքր-ինչ մեղմանում էր թամբաքուի կծու մուխից, որը լցրել էր բոլոր մուտքերն ու անցքերը։

Այդ հյուրանոցի գլխավոր հարմարությունը նրանումն էր, որ հաճախորդները միմյանց չէին տեսնում, որովհետև ամենի համար գաղտնի մուտքեր կային, ամենի համար առանձին օթյակներ կային։ Այդ էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր, թե ով ո՞ւմ հետ է «քեփ» անում։ Այստեղ պահպանվում էր մի տեսակ հարեմական դրություն, մի տեսակ կարգ, որ բոլորի համար նպաստավոր էր։

Կարծես մի ներքին ավանդություն, մի աներևույթ հարաբերություն