Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արկածները այլևայլ երկրներում։ Սարսափելի և միանգամայն խիստ սոսկալի պատահարներով լի էին լինում այն արկածները, այսուամենայնիվ գրավում էին իմ սիրտը։ Ես այն ժամանակ անփորձ էի և երեխայական պարզամտությամբ քաջություն էի համարում նրանց արարմունքը, այդ պատճառով մտածում էի. «ա՜խ, ե՜րբ կլիներ, որ ես էլ մեծանայի, գնայի օտար աշխարհ և դրանց նման փող վաստակեի»...։

Այդ միտքը շատ անգամ տանջում էր իմ անմեղ սրտիկը։ Երբ իմ բաղձանքը հայտնում էի մորս, նրա աչքերը լցվում էին արտասուքով և միշտ պատասխանում էր ինձ միևնույն խոսքերով. «աստված մի՛ արասցե, որ դու նրանց նման փող աշխատես»...։

Ինչո՞ւ էր բարկանում մայրս, ինչո՞ւ էր անիծում ինձ, մի՞թե վատ էին նրանք, միթե լա՞վ էր այնպես աղքատության մեջ ապրել, որպես ապրում էինք մենք։ Ես վրդովվում էի և սկսում էի մորս կոպտություններ ասել։

Նա միայն լաց էր լինում և ոչինչ չէր պատասխանում...։

Մի անգամ միայն նա ասաց ինձ.

— Նրանք «խաչագողներ» են...։

Այդ խոսքը կարծես այրեց նրա լեզուն։

Բայց ի՞նչ էր խաչագողը․ այդ բառի նշանակության մասին ես ոչինչ գաղափար չունեի։ Մայրս նույնպես չբացատրեց։ Նա միայն խրատում էր, որ հեռու կենամ նրանցից, չհրապուրվեմ նրանց գործերով, որովհետև նրանք լավ մարդիկ չեն։ Մայրս մեր գյուղացի չէր. նա Վանի կողմերից էր, այդ պատճառով զզվում էր մեր գյուղացիներից։ Վերջին ժամանակներում նա արգելեց ինձ, որ այլևս հորեղբորս տունը չգնամ և նրա երեխաների հետ չխաղամ։ Եվ որպեսզի ինձ բոլորովին հեռացնե մեր գյուղից, մտածում էր այդ մասին մի հնար գտնել։ Մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, որդի, քեզ պետք է մի արհեստ սովորել։

Նա սկսեց երկար ու երկար բացատրել ինձ, թե ո՛րքան բախտավոր մարդ է ազնիվ և աշխատասեր արհեստավորը, ո՛րքան ապահովված է նրա կյանքը, ո՛րքան ազատ և անկախ է նրա ապրուստը։

— Ի՞նչ արհեստ,— հարցրի ես։

Նա ասաց, որ քավոր Պետրոսի հետ խորհրդակցել է այդ մասին, և վճռել են, որ ես սովորեմ դարբնություն։