Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքով հայտնեց յուր ուրախությունը, որ վերջապես գտավ յուր «մոլորյալ ոչխարին»...։

Նրա խոսքերի մեջ բովանդակվում էր և՛ ուրախություն, և՛ հանդիմանություն։ Ես մոլորյալ ոչխար էի, հովիվը գտավ ինձ։ Բայց ո՞վ մոլորեցրեց ինձ, ի՞նչ բանումն էր իմ մոլորությունը,— այդ մասին նա ոչինչ չխոսեց։

Սառայի հայրը խելացի մարդ էր, նա ինձ խորհուրդ չտվեց գնալու մեր տունը, որովհետև կարող էր այնպես պատահել, որ ես այնտեղ եղած ժամանակ ֆերրաշները վրա հասնեին և կալանավորեին ինձ։ Նա ասաց, թե ոստիկանությունը մեր գյուղի տանուտերից իլթիզամ է առել, տուգանք է նշանակել, եթե ես մեր գյուղում հայտնվելու լինեմ, իսկույն մատնե կառավարության ձեռքը, և «անպիտան տանուտերը, մի լավ ծառայություն անելու համար, մեծ հաճությամբ կկատարե այդ հրամանը։ Նա արդեն, ավելացրեց Սառայի հայրը, զանազան լրտեսների միջոցով հսկում է մեր տան վրա, որ ինձ բռնել տա և այլն։

Սառայի հոր խոսքերից ես հասկացա այն բոլոր պատճառները, թե ինչո՞ւ կառավարությունը ինձ ամենայն խստությամբ որոնում էր։ Որպես վարպետիս, նույնպես և մեր բոլոր աշկերտներին ու բանվորներին կալանավորել էին։ Միայն ես էի մնացել, որ փախստական էի։ Քրեական գործերի ժամանակ պարսից դատավորների քննությունը հարցմունքներով, վկաներով կամ այլ հետախուզսւթյուններով չէ կատարվում,— այլ միայն ծեծով։ Նրանք պատժում էն նախքան հանցանքի հաստատվելը։ Կալանավորի ոտները դնում են ֆալախկայի մեջ, այնքան ծեծում են, կամ բանտի մեջ այնքան սարսափելի տանջանքներ են տալիս, մինչև նա խոստովանվի, թե ինքն է գործել հանցանքը։ Քանի որ դեռ չէ խոստովանվել, տանջանքները ավելի և ավելի սաստկացնում են։ Այդ բոլորը փորձել էին թե վարպետիս և թե նրա գործավորների վրա, բայց մի որոշ խոստովանություն չէին դուրս բերել։ Վարպետս ասել էր միայն, թե բանալիի վրա դրած դրոշմը, իրավ է, յուր արհեստանոցի դրոշմն է, բայց թե ի՞նչպես է շինվել այդ բանալին կամ ո՞վ է շինել,— այդ մասին տեղեկություն չունի։ Նույնը ասել էին և արհեստանոցի աշկերտներն ու բանվորները։ Մնում էի ես, որ փախստական էի, և իմ փախչելը ավելի կասկածավոր էր դարձրել ինձ։ Այդ էր պատճառը, որ ինձ ամենայն խստությամբ որոնում էին, մտածելով, թե ինձանով կլուծվի մթին գաղտնիքը։