Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խստությամբ աչքով արեց, որ ես ակամա ստիպվեցա ուտել․..։

Ընթրիքից հետո մեզ համար մաքուր անկողին պատրաստեցին որ հանգստանանք։ Երբ մտա իմ մահիճը, երկար քնել չկարողացա, թեև սաստիկ հոգնած էի։ Զանազան մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը։ Երբէմն մտածում էի, թե ի՞նչ կլինի մեր դրությունը, երբ տան տերը հանկարծ հասկանա, որ յուր սենյակում պառկած են երկու քրիստոնյաներ։ Նա այդ տեղաշորերը պղծված համարելով, այրել կտա, և գուցե մեզ ևս կայրեն նրանց հետ։ Եվ ինչի՞ համար ուրանալ կրոնը, ուրանալ ազգությունը։ Նրա համա՞ր միայն, որ մի կտոր հաց և պառկելու տեղ ստանալ։ Մի թե դրանք են պանդխտության, գաղթականության պայմանները— ինչ ազգի մոտենալ, այն ազգից ձևանալ...։ Եմ ճանապարհորգությունը հենց առաջին իջևանից ինձ անտանելի դարձավ։ Մտածում էի, ավելի լավ չէ՞ր լինի, որ իմ հայրենի գյուղից չհեռանայի։ Թո՛ղ այնտեղ բռնեին, չարչարեին, սպանեին ինձ։ Գոնե հայի անունով կմեռնեի։

Քավոր Պետրոսը նույնպես անքուն էր։ Նա, երևի, նկատեց իմ անհանգստությունը, թե որպես անդադար մի կողքից դեպի մյուսը շուռ էի գալիս, անդադար հառաչանք էի արձակում, ա՛խ ու վա՛խ էի անում, և հոգվոց էի հանում։ նա հարցրեց.

— Ինչո՞ւ չես քնում, Մուրադ։ Ես փոխանակ պատասխանելու, սկսեցի հեկեկալ։ Նա հասկացավ իմ լացի պատճառը և ասաց առածի ձևով.

— Զէ, զավակս, այսուհետև ինչ ազգի մեջ որ մտնելու լինես, պետք է այն ազգի փափախը ծածկես։ Այդպես է աշխարհի կարգը...։

Ես հարցրի.

— Մեղք չէ՞ արդյոք, որ մարդ յուր սուրբ կրոնը, յուր ազգությունը ուրանում է։

Նա պատասխանեց ինձ Պետրոս Առաքյալի խոսքերով, թե ինչպես նա հրեաների մոտ հրեա էր ձևանում, իսկ հեթանոսների մոտ՝ հեթանոս, որ նրանց սրտերը շահե։

Քավոր Պետրոսը կարդացած մարդ էր։ Ես նրա խոսքերը, որպես ասում են, հալած յուղի պես ընդունեցի։ Այն ժամանակ այնքան հասկացողություն չունեի, որ գիտենայի, թե ինչպես մարդիկ սուրբ գրքերի ամենապարզ ճշմարտությունները աղավաղում են և նրանցով բացատրում են ամենաանբարոյական մտքեր...։