Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե

ՓՈՔՐԻԿ ՄԱՔՍԱՆԵՆԳԸ

Մեր ճանապարհորդության չորրորդ օրը հասանք Թաբրիզ քաղաքը, իջևանեցինք հայոց եկեղեցու բակում։

— Այժմ պետք է մտածել փողի մասին...— ասաց քավոր Պետրոսը, և կիրակի օրը վաղ առավոտյան, ինձ յուր հետ առնելով, սկսեցինք գնալ եկեղեցու երեսփոխանի տունը։

— Այնտեղ կարո՞ղ եմ խոսել, թե դարձյալ պետք է խուլ ու մունջ ձևանամ և թաքցնեմ իմ հայությունը,— հարցրի ես քավոր Պետրոսից։

— Կարող ես խոսել,— պատասխանեց նա ժպտալով.— և լավ հայ պիտի ձևանաս։

Բայց իմ խոսելը պետք չեղավ, որովհետև քավոր Պետրոսը ինձ ներս չտարավ երեսփոխանի մոտ, այլ հրամայեց սպասել դրսում, իսկ ինքը միայնակ ներս մտավ։ Չգիտեմ ի՞նչ խոսեց նրա հետ, ի՞նչ ասաց, միայն այդքանը հիշում եմ, որ այն օր եկեղեցում քահանան մեր մասին ժողովրդին «ծանուցում» արեց, որի մեջ հայտնեց այն միտքը, թե մենք Մուշի երկրիցն ենք եկել, թե մեր կնիկները, զավակները «անհավատների» ձեռքում գերի են ընկած, այժմ բարեպաշտ քրիստոնյաներից ողորմություն ենք հավաքում, որ տանենք տանք «անհավատներին» և մեր գերիներին ազատենք, և այլն։— «Դարձյալ խաբեբայությո՛ւն»... մտածեցի ես խորին վրդովմունքով։

Որքան էլ սուտ լինեին այդ խոսքերը, այսուամենայնիվ, ժողովրդի վրա խորին տպավորություն գործեցին։ Տեր հայրը այնպիսի ազդու եղանակով նկարագրեց մեր գերիների ողբալի դրությունը, որ բոլոր լսողների մեջ ցավակցություն շարժեց։ Քարոզից հետո եկեղեցում գանձանակ ման ածեցին և մեզ համար փող հավաքեցին։ Իսկ մենք մուրացկանի նման, գլուխներս ծռած, կանգնած էինք եկեղեցու դռան մոտ. քավոր Պետրոսը աջ կողմում, իսկ ես ձախ կողմ ում։ Ժամավորները դուրս գալու միջոցին ձգում էին մեզ սև փողեր։ Այդ առաջին անգամն էր, որ ես, քավոր Պետրոսի հորդորանքով, ստիպված էի ձեռքս մեկնել և ողորմություն խնդրել... Ամոթը խեղդում էր ինձ։ Որքան ցածությո՜ւն էր։ Խաբե՛լ և մուրալ...