Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարմացավ տիկինը, դարձավ դեպի յուր որդիները, ասելով.

— Լսո՞ւմ եք, զավակներս, թե ինչպես է պատժվում չարությունը։

Նրանք կարմրեցին։

Սեղանատանը պատրաստված էր ճոխ ընթրիք։ Տան տերը մտավ այնտեղ տեսնելու միգուցե մի բան պակաս լիներ։ Նա կանչեց գանգրահեր երիտասարդին նրա հետ խորհրդակցելու։

— Ներեցե՛ք, խնդրեմ, — հարցրեց նրանից, — ձեր հայր սուրբը որպիսի՞ գինիներ, որպիսի՞ նախաճաշիկներ ավելի շատ է ախորժում։

Գանգրահեր երիտասարդը աչք ածեց հարուստ պատրաստության վրա, մի առանձին ափսոսանքով պատասխանեց.

— Այդ բոլոր գեղեցիկ պատրաստություններից իմ հայր սուրբը ոչինչ չէր կարող ոչ ուտել և ոչ խմել։

— Երևակայեցեք, պատվելի, — ասաց տան տերը ներողություն խնդրելով, — մենք համարյա անապատների մեջ ենք ապրում. հազարավոր վերստերով մեծ քաղաքներից հեռու գտնվելով, ամեն բանից զրկված ենք։ Ինչ որ տեսնում եք այստեղ, այն ևս հազիվ կարելի է գտնել. մենք բերել ենք տվել Մոսկվայից։

— Ներեցեք, տեր իմ,— պատասխանեց երիտասարդը։— Ես լավ չկարողացա հասկացնել իմ միտքը։ Այդ բոլորը շատ գեղեցիկ է, չափազանց է և մինչև անգամ արքայավայել է, բայց իմ հայրը սուրբի համար չէ:

— Ինչո՞ւ։

— Նա ամբողջ տարին պահեցողությամբ է անցկացնում, համարյա աղ ու հացով, իսկ այստեղ պահոց ոչինչ չկա։ Ուտում է միայն սուրբ հարության զատկին և սուրբ ծննդյան տոնին, այն ևս ոչ միս, այլ սակավ ինչ յուղեղեն։ Իսկ գինիներ ամենևին չէ խմում, միայն պարզ ջուր է գործածում։

— Այդ զարմանալի է, շատ զարմանալի։

Հյուրընկալը սաստիկ դժվարության մեջ ընկավ։

Գանգրահեր երիտասարդը նկատելով այդ ասաց նրան.

— Սուրբ գերեզմանի պաշտոնյաները բոլորը այդպես են։ Դուք ավելի հարգած կլինեք ձեր հյուրին, եթե թույլ կտաք նրան յուր սովորություններին հետևել։ Մի պնակ խաշած սիսեռը խիստ ճոխ ընթրիք է նրա համար։ Եթե այդ էլ չգտնվի, նա շատ գոհ կլինի, եթե ցամաք հացով կերակրվի։

Չնայելով ժուժկալության այդ բոլոր խստություններին, տան