Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտյան և երեկոյան, եկեղեցի էր գնում, պաս էր պահում և ամեն տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն էր ընդունում։ Պանդխտության մեջ դարձյալ նա նույնն էր մնացել, բնավ չէր փոխվել։ Ես շատ անգամ տեսել էի (մինչև անգամ ամենասարսափելի չարագործություններից հետո), թե ի՛նչպես նա առանձնացած մեր իջևանի մի անկյունում, արտասուքը աչքերում աղոթում էր։ Ինձ հրբեք չէր պատահած տեսնել, որ նա անցկացներ յուր առավոտյան և երեկոյան աղոթքները։ Շատ անգամ, երբ պատրաստվում էինք մի որևիցե արշավանք կատարելու, — կամ, ինչպես նա սովորություն ուներ ասելու՝ երբ պատրաստվում էինք «գործի» գնալ, — տեսնում էի, որ նա ուշանում է։ Երբ շտապեցնում էի նրան, պատասխանում էր. «փոքր-ինչ սպասեցեք, դեռ աղոթքս չեմ վերջացրել»...։

Դա փարիսեցություն չէր դա նրա հաստատ հավատն էր։ Նա համոզված էր, որ ամեն գործ, թե՛ բարի լիներ նա և թե չար, պետք էր աղոթքով սկսել և աստծուց օգնություն խնդրել։

Նա մինչև անգամ պաս էր պահում, կատարում էր հայկական եկեղեցու բոլոր տոները։ նրա թղթապահի մեջ, կեղծ անցագրերի հետ միասին, կար մի փոքրիկ հայերեն օրացույց, շատ անգամ նայում էր նրա մեջ, որ չսխալվի, որ գիտենա, թե ե՛րբ պետք էր պաս պահել, ե՛րբ պետք էր ուտել, կամ երբ պետք էր կատարել այս և այն տոնը։

Քավոր Պետրոսը յուր հոգևոր հասկացողությունների մեջ սաստիկ անհավատ էր, իսկ յուր կրոնական համոզմունքների մեջ վերին աստիճանի մոլեռանդ։ Նա հավատում էր, որ բացի լուսավորչի հոտից, ուրիշ քրիստոնյաներից և ոչ մեկը աստուծո արքայությունը չի վայելի։ Եվ այդ պատճառով սաստիկ նախանձախնդրություն ուներ դեպի հայոց եկեղեցին։ Բայց ի՞նչպես կարելի էր միևնույն ժամանակ և՛ խաչագող լինել, և՛ լավ քրիստոնյա։

Քավոր Պետրոսի կարծիքով կարելի էր։ Եկեղեցին ներող է։ Եկեղեցին հենց նրա համար է, որ սրբե մեղավորներին։ Եթե օրվա մեջ յոթանասուն և յոթն անգամ մեղանչելու լինես, նա դարձյալ կներե։ Խոստովանի՛ր, զղջա՛, սուրբ հաղորդություն ընդունիր,— այնուհետև դու արդար ես։ Այդ հավատը ունեն եկեղեցու վերաբերությամբ բոլոր խաչագողները։ Նրանց մոտ մինը մյուսին չէ խանգարում։ Կարելի է և՛ պաս պահել, և՛ աղոթք անել, և՛ սուրբերի բարեխոսությունը խնդրել, — կարելի է միևնույն ժամանակ և՛ նույն սուրբերի անունով սուտ երդվել, խաբել, գողանալ և այլն։