Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրանում»․․․— ասաց նա հոգվոց հանելով և յուր գեղեցիկ գլուխը թաղեց բարձի մեջ։

Բայց քունը երկար ժամանակ մոտ չեկավ նրա աչքերին։

Ճանճուր Իվանիչի բացակայությունը թեև մի կողմից անախորժ տպավորություն թողեց յուր ընտանիքի վրա, այնուամենայնիվ մյուս կողմից նա պատճառեց տիկին Բարբարեին բավական մեծ հաճություն, որ ազատվեցավ յուր ամուսնու վշտացուցիչ ծանրությունից, և օրիորդ Սոֆիին, որին այնքան ատելի էր հոր ներկայությունը։

Հենց Ճանճուր Իվանիչին ճանապարհ դրած գիշերվա առավոտը տիկին Բարբարեն պատրաստվեցավ օրիորդ Սոֆիի հետ միասին փողոց գնալ՝ նրա խնդրած իրեղենները գնելու։ Թեև նա հարկավոր գումարը չուներ պատրաստի, բայց ամբողջ քաղաքի խանութներում ճանաչում էին հարուստ Ճանճուր Իվանիչի կնոջը, և այդ պատճառով նա ամեն տեղ մեծակշիռ վարկ ուներ։

Առավոտյան տասը ժամին նրանք կառք նստեցին և, իրանց հետ առնելով Քիտեսին, դիմեցին դեպի Գոլովինսկի պրոսպեկտ։

Նրանք նախ և առաջ մտան մի ֆրանսիացու մոդնի մագազին․ այդտեղ Փարիզի նորեկ մոդայի ձևերով, որ ընդունված էր քաղաքում, պատվեր տվին օրիորդի համար ոտքից գլուխ կարել մի քանի ձեռք հագուստ՝ պարահանդեսի համար առանձին, թատրոնի համար առանձին, հասարակ օրվա, զբոսանքի համար առանձին և տանը հագնելու համար առանձին, բոլորն այլևայլ տարազներով և գներով։ Կար անող ֆրանսուհին չափերը վերցրեց։ Նրանք գրավ տվին և դուրս եկան։

Այնտեղից անցան մի այլ խանութ, ուր գնեցին կոշիկներ, գույնզգույն ձեռնոցներ, զանազան տեսակ գուլպաներ, հովանի, հովհար և այլ այդպիսի կանանց հարկավոր իրեղեններ։

Հետո մտան մի այլ խանութ, ուր վաճառում էին եվրոպական կարասիք․ այդտեղ գնեցին աթոռներ, բազկաթոռներ, սոֆա, զանազան տեսակ սեղաններ և այլ տնային կահ—կարասիք։

Այնտեղից էլ անցան մի այլ խանութ, ուր վաճառում էին գրության պիտույքներ և գրասեղանի զարդեր, այդտեղ գնեցին թանաքաման յուր պարագաներով, գեղեցիկ աշտանակներ, գրասեղանի ժամացույց, բրոնզից կամ կավճյա փոքրիկ կիսարձաններ, զանազան պատկերներ, մեծ հայելիք և սենյակի այլ զարդեր, ինչ որ օրիորդի գեղասեր ճաշակին դուր եկավ։

Ճանապարհին նրանք մտան մի այլ խանութ, ուր օրիորդը