ներկայացավ ինձ քավոր Պետրոսը, երր մոտեցավ յուր սովորական սառնությամբ։
— Դու քեզ վա՞տ ես զգում,— հարցրեց նա։
— Ոչ,— պատասխանեցի ես։
— Ապա ինչո՞ւ ես այդպես տխուր։
— Բանտում ուրախ չեն լինում։
— Այդ իրավ է, բայց տխրելն էլ թուլասրտության նշան է։
Նա նստեց իմ մոտ և սկսեց զանազան խրատներ տալ։
— Չվախենաս, Մուրադ, այդպիսի դեպքեր շատ են պատահում մեզ հետ։ Էգուց շատ կարելի է սկսվի մեր քննությանը, դու պետք է չհայտնես քո իսկական անունը, քո հայրենիքը և ի՛նչ ազգի կամ ի′նչ դավանության պատկանելը։ Ընտրիր քեզ համար մի կեղծ անուն, ձևացրու քեզ ուրիշ ազգից և ուրիշ երկրից։ Ուրացի՛ր ինչ մեղադրանք որ կդնեն քեզ վրա. այնուհետև քո ազատվելը դժվար չի լինի։
Ես պատասխանեցի խորին զզվանքով.
— Որքան խաբեցի, որքան սուտ խոսեցի, բավական է։ Ես այսուհետև պետք է ճշմարիտը խոսեմ։
Նա սկսեց զարմացած կերպով նայել իմ երեսին։
— Ի՞նչ է պատահել քեզ հետ, գժվե՞լ ես, ի՞նչ է։
— Ես այժմ ավելի խելացի եմ, քան թե երբեք։
— Դու կամենում ես կորցնե՞լ քեզ։
— Ես այն օրից կորա, երբ սկսեցի հետևել քո խրատներին։
Այժմ նրա դեմքի վրա երևացին բարկության նշաններ։ Բայց շուտով անցավ բարկությունը և ցավակցական եղանակով խոսեց նա.
— Ես չէի հավատում, Մուրադ, և հիմա էլ չեմ հավատում այն կասկածանքին, որ քո ընկերները ունեցան քո մասին, իբր թև դու, առանց որևիցե պատճառի, հեռացար նրանցից և մատնեցիր նրանց։ Բայց ես հավատում եմ մի բան, որ այժմ քո խելքը յուր տեղումը չէ. ես նկատում եմ քո մեջ խելագարության նշաններ։ Դու այլևս այն չես, ինչ որ էիր առաջ։
— Այդ իրավ է։ ես այժմ այն չեմ, ինչ որ էի առաջ, և այդ ապացույց է, որ այժմ իմ խելքը յուր տեղումն է, իսկ առաջ խելագար էի.
Նա կրկին զայրացավ, ասելով.
— Ողորմելի՛, ո՞վ փչեց հիմա գլխումդ այդ ցնորքները։ Դու կարծում ես, որ ես այժմ չգիտե՞մ, թե ի՛նչպես մի