Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզանից հարցուփորձ էին անում։ Դուք խոստովանեցաք ձեր բոլոր հանցանքները։ Դուք նկարագրեցիք ձեր կյանքի պատմությունը սկսյալ ձեր մանկությունից մինչև ձեր կալանավորության րոպեն։ Այդ պատմությունը սաստիկ հետաքրքրեց ինձ, որովհետև նրա մեջ գտնում էի այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են մարդուն հակառակ յուր կամքի հանցավոր լինել։

Բժշկի կարեկցությունը ոչ միայն շատ մխիթարական էր ինձ համար, այլ նա առիթ տվեց իմ վստահությանը դեպի այդ ազնիվ երիտասարդը, ես հարցրի.

— Ուղիղն ասացեք, պարոն բժշկապետ, իրա՞վ, նա խոստացավ, որ շուտով կվերադառնա։

— Ո՞վ։— Հա՜... դուք, երևի, դարձյալ այն աղջկա մասին եք հարցնում,— մտաբերեց նա ընդհատված խոսակցությունը Նենենի մասին։

— Այո՛, այն աղջկա մասին։

— Դուք ձեր երագների մեջ եք տեսել նրան, նա այստեղ չէ եղել։

Ես հասկացա, որ գրգռված երևակայությունը խաբել էր ինձ։ Նայեցա շուրջս, կրկին նկարվեցան տխուր պատկերները իմ պատժական կյանքի, և բանտային հիվանդանոցի մռայլոտ կամերաները հիշեցրին ինձ իմ դրությունը...։

— Ուրեմն ես բոլորովին զրկված եմ նրանից... էլ չե՞մ տեսնի նրան...։

— Զրկված չեք լինի... հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան․․․,— պատասխանեց երիտասարդը խորհրդավոր ձայնով։

«Մի ժամանակ»... արդյոք երկա՞ր պիտի տևեր այդ ժամանակը, մտածեցի ես։

— Մի անգամ նրան թույլ տվին մտնելու բանտը, ինձ մոտ,— ասեցի ես։

— Գիտեմ, այդ ես խնդրեցի բանտապետից, որ թույլ տան։ Նենեն ինձ ասել էր, որ մի ակնոցավոր երիտասարդ միջնորդեց նրա համար և թույլտվություն ստացավ բանտը մտնելու։ Ո՞վ կմտածեր, որ այդ բարեսիրտ երիտասարդը լիներ նա։

Նրա բարեսրտությունը մի այնպիսի համակրություն ազդեց իմ մեջ, մինչ ես վստահեցա ասել նրան.

— Ես գիտեմ, պարոն բժշկապետ, որ հավիտյան զրկված եմ նրանից։ Բայց դուք այնքան բարի եք և ազնիվ, որ կգթաք մի որբ, անտեր, անօգնական աղջկա վրա, որը այս աշխարհում ոչ մի