Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հրամմել եք,— ասաց թեթևաշարժ աղախինը և շտապով դուրս գնաց։

Օրիորդ Սոֆին դիմեց յուր հյուրուհուն․

— Այնպիսի լավ մուրացեք ունիմ, Անիչկա՛, մի խոսքով հիանալի։

— Այժմ քեզ մոտ ամեն ինչ կգտնվի,— պատասխանեց հյուրուհին։

— Դեռ ո՛չ ամեն ինչ, Անիչկա...— խորհրդավոր ձայնով պատասխանեց օրիորդ Սոֆին։

Աննա Եգորովնան գուշակելով, թե ինչ է կամենում ասել նա, ասաց ժպտալով․

— Իմ կարծիքով միայն մի բան պակաս է, Սոֆի։

— Ի՞նչ։

— Դու արդեն գիտես․․․

Օրիորդ Սոֆին ծիծաղեց։ Նրա դեմքը բացատրում էր ներքին զվարճություն։

— Ի՞նչ խորամանկ ես դու, Անիչկա,— կրկնեց նա։

Սույն միջոցին Մաշան մի թանկադին արծաթյա սկուտեղի վրա ներս բերեց զանազան տեսակ ազնիվ մուրաբաներ, որոնք ածված էին փոքրիկ հախճապակյա ափսեների մեջ, և դրեց բոլորակ սեղանի վրա, որի մոտ նստած էին նրանք։

Նույն րոպեին ներս մտավ տիկին Բարբարեն, և տեսնելով յուր դուստրը և նրա հյուրուհին, շատ ուրախացավ՝ ասելով․

— Ահա՛ այդպես լավ է։

Նրանք փոխեցին իրանց խոսակցության նյութը։

ժ

Օրիորդ Սոֆին նույն օրվա երեկոյան պահուն ստացավ Աննա Եգորովնայի ուղարկած գրքերը։ Դրանք մի քանի հատոր Տուրգենևի, Պսեմսկու ռոմաններից էին։ Սկզբում մոր երկյուղից ստիպված էր այդ գրքերը յուր բարձի տակ թաքցնել կամ գիշերները գաղտնի կարդալ, իսկ այնուհետև նա շարունակ զբաղված էր այդ գրքերի ընթերցանությամբ բոլորովին համարձակ, որովհետև նրա ծնողները և բոլոր տանեցիք ամենևին հասկացողություն չունեին, թե ի՛նչ է ռոման ասած բանը։

Այնուհետև օրիորդն այլևս դուրս չէր գալիս յուր առանձնասենյակից․