Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Չէ՛, դու կատակ ես անում, Անիչկա,— զարմանալով կրկնեց օրիորդ Սոֆին։

—Ո՛չ, հավատա, ես ղորդ եմ ասում։

—Աստված իմ, այդ ի՞նչ հիմարություն է։

—Ընդհակառակն, շատ խելոքություն է,— նրա խոսքը կտրեց Անիչկան։— Գիտե՞ս որքան հարուստ է այդ Սոսիկոն։

—Դիցուք թե հարուստ է, բայց նա ինչի՞ նման է։

Եվ օրիորդ Սոֆին սկսավ նկարագրել նրա տգեղությունը։

—Գեղեցիկ երիտասարդներ միշտ կարող է գտնել օրիորդ Մահակյանը և՛ նրա կինը լինելուց հետո, բայց փող, ոչ ամենայն Ժամանակ։

-Վերջապես այդ հիմարություն է։

Անիչկան խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ասաց.

-Նա յուր հաշիվը լավ գիտե... Նրան ասել են այդ, նա պատասխանել է, թե ինձ այնպիսի ամուսին պետք է, որ օրը մի տեսակ հագուստով հանդես դուրս գամ։

—Նա հենց վարժարանում այդպես հիմար էր։

Մահակյանի նշանվելու վրա երկար խոսելուց հետո, Աննա Եգորովնան նորոգեց հարցը Նատոյի Կոջորի անցքի մասին, որ մի քանի օր առաջ կիսատ էր մնացել․ օրիորդ Սոֆին լրացնելով յուր պատմությունը, ավելացրեց.

—Այդ Նատոներից մի քանի հատ ևս այժմ ավելացել է մեր վարժարանում։

Աննա Եգորովնան սկսեց թախանձել, որ հայտնի, թե ովքեր են նրանք, բայց Սոֆին պատասխանեց, թե ինքը սովոր չէ հայտնել այլոց գաղտնիքները։

Հետաքրքիր օրիորդը վշտացավ այդ պատասխանից, ասելով.

—Սոֆի, դու բոլորովին անկեղծ չես ինձ հետ, մինչդեռ ես քեզանից բան չեմ ծածկում։

Օրիորդ Սոֆին, նկատելով յուր ընկերուհու տրտունջը՝ ասաց.

—Խղճմտանքի ընդդեմ է բամբասել նրանց այդպիսի հանցանքների համար, չէ՞ որ մենք ամենքս էլ ունինք այդպիսի թուլություններ։

Աննա Եգորովնան ծիծաղեց։

Օրիորդ Սոֆին հնչեցրեց գրասեղանի վրայի փոքրիկ զանգը.

Ներս մտավ ռուս աղախին Մաշան։

-Մաշա՛, մի քանի տեսակ մուրաբա բեր,- հրամայեց օրիորդը աղախնին։