Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքան և բնական կերպով հնչվեցավ այդ ձայնը, դարձյալ ես չէի կարող չհասկանալ, թե դա խաչագողների սովորական նշանախոսություններից մեկն էր, որ նշանակում էր` «պատրաստ եղեք»։ Ձայնը կրկնվեցավ, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց, միայն իմ ընկերները խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին։ Ժոզեֆի պատմությունը այդ միջոցին ավելի հետաքրքրական էր դարձել։

Փոքր-ինչ առաջ գնալուց հետո, ձայնը երրորդ անգամ կրկնվեցավ։ Այդ միջոցին մեր խումբի մեջ գտնված խաչագողները արագությամբ դուրս եկան ճանապարհից, մտան անտառի մեջ և շուտով ծածկվեցան ժայռերի ետևում։ Պահապաններից մի քանիսը փորձեցին հետամուտ լինել, բայց ժայռերի ետևից և ծառերի միջից սլացող գնդակները երկուսին գետին գլորեցին։ Նրանք հետ դարձան, որ պահեն մնացածներին, որպեսզի չփախչեն։

Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ։ Ամբողջ խումբին տիրել էր երկյուղ և խորին ապշություն։ Հրացանները դեռ երկու կողմից ևս արձակվում էին, գնդակները սուլելով անցնում էին ծառերի միջից։ Հետո ամեն ինչ լռեց, միայն անտառի խորքից լսելի էին լինում մուրճերի շտապ-շտապ զարկերը։ Երևում էր, խորտակում էին փախստականների երկաթյա ոտնակապերը։

Կռվի խռովության ժամանակ հափշտակողներից ոչ ոք չերևեցավ անտառի խորքից։ Նրանք գործում էին իրանց թաքստի տեղից։ Միայն վառոդի ծուխի մեջ ես նշմարեցի մի աղոտ պատկեր։ Որքան էլ կերպարանափոխված լիներ նա, այնուամենայնիվ ես չէի կարող չճանաչել քավոր Պետրոսին։ Նա խորհրդավոր կերպով շարժեց դեպի ինձ յուր մատը և դևի նման կրկին անհայտացավ։ Կարծես դրանով ասել էր ուզում. «հիմար, ինչո՞ւ չհետևեցիր իմ խրատներին

Երբ ամեն ինչ լռեց, հանգստացավ, մենք դեռ նոր նկատեցինք, որ խեղճ Ժոզեֆը դիակների թվում էր։ Գնդակը, որ դիպել էր նրա գլխին, պատահական չէր այլ նպատակով ուղղած։ Այդ անպիտանը մատնել էր խաչագողներին, ոչնչացրել էր մի ամբողջ հիմնարկություն, որով նրանք միլիոններ վաստակելու հույսեր ունեին։ Խաչագողը մինչև մահ չէ մոռանում յուր ընկերների անհավատարմությունը և աշխատում է մի օր վրեժխնդիր լինել։ Եվ այժմ Ժոզեֆը ստացավ յուր վարձը։

Սարսափած և երկյուղից խռովության մեջ ընկած պահապանները հրեայի և նրանց երկու ընկերների դիակները դրեցին սայլակի վրա, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Իջևանը բավական