Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի, որ նա դուրս դա։ Տեսա, նա դուրս եկավ, պատրաստվում էր որսի գնալ։ Առաջը կտրեցի, ասելով․ «Ինչու ես պահել իմ նշանածին»։ Նա բարկացավ, սկսեց հայհոյել և չորս կողմն էր նայում, աչքերով որոնում էր յուր սպասավորներին, որ հրամայե ինձ բռնեն։ «Տո՛ւր իմ նշանածը»,— կրկնում եմ ես, հենց մոտ ու մոտ եմ գնում։ Նա դարձյալ գոռում է. «Դու, լի՜րբ, անզգամ, համարձակվում ես․․․ բռնեցեք այդ անիրավին»։ Ես ուշադրություն չեմ դարձնում, հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Հիմա քեզ խեղդել կտամ»,— ասում է ավելի կատաղելով։ Իսկ ես հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Տո՜ւր նշանածս, ասում եմ քեզ»։ Նա էլ չհամբերեց մինչև ծառաները հավաքվեին, հարձակվեցավ իմ վրա։ Ես խենսչալը խրեցի նրա կողքը․․․»։

Այդ միջոցին ես նայեցի Վասոյի երեսին, նա այնպես գունատված էր, նրա շրթունքը այնպես դողդողում էին, որ կարծես, հենց այն րոպեում նա յուր արյունոտ խենչալը դուրս էր քաշում բռնակալ պարոնի կողքից։ Երբ նա փոքր֊ինչ հանգստացավ, հարցրի.

-Իսկ դու չփախա՞ր։

-Փախա, բայց երբեմն գիշերով հայտնվում էի մեր գյուղում, որ Կեկելոյին էլ կարողանամ փախցնել։ Աստված չհաջողեց, մի գիշեր բռնվեցա։

Վասոյին ես ավելի սկսեցի սիրել, երբ իմացա նրա կյանքի պատմությունը։ Խեղճ տղան սիրո զոհ էր դարձել։ Սե՜ր... ի՜նչ բան ես դու, ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ քեզ, թեև ինքս սիրել եմ...և այժմ սիրում եմ...։

Վասոն և Կեկելոն, որպես ճորտեր, որպես սեփականություն մի անգութ պարոնի, հոժարությամբ նվիրում են նրան իրանց աշխատանքը, իրանց վաստակը։ Բայց երբ պարոնը դիպչում է և այն զգացմունքին, որը սուրբ է յուրաքանչյուր անհատի համար, այն ժամանակ ճնշված, հլու ստրուկն անգամ այլևս չէ համբերում...։

Իսկ ե՞ս, ես թշվառականս, ի՞նչ արեցի Նենեի համար, ի՝նչով ապացուցեցի, որ ճշմարիտ սիրում եմ նրան․․․։