Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակավ անգամ էր պատահում, որ նրա ընտանիքը չմասնակցեր այն զբոսանքներին, և այդ պատճառով Սանամը մանկությունից վարժված էր ձիավարելու մեջ։

Մելիքը, ինչպես Ղարադաղի բոլոր խաները, ուներ բազմաթիվ անասուններ, որոնց ամառը տանում էին լեռնային հովասուն տեղերում արածացնելու։ Շատ անգամ մելիքի ընտանիքը ամբողջ ամիսներ անց էր կացնում ամառանոցում, իրանց հոտերի մոտ։ Հովիվների վրաններում Սանամին ավելի էր զվարճացնում լեռնային կյանքը։ Ղարադաղը սարոտ և անտառապատ երկիր է։ Երբեմն ձի նստած, ամբողջ ժամերով թափառում էր նա ձորերի, անտառների և լեռների մեջ։ Այստեղ ավելի ազատ էր շնչում, քան թե հոր փակված տնում, ուր ամեն ինչ ճնշում էր նրան։ Շատ անգամ ևս լսել էի նրանից այդ խոսքերը. «ես չեմ սիրում ձմեռը»։ Երբ հարցնում էի պատճառը, պատասխանում էր. «նրա համար, որ ձմեռը միշտ տան ծածկի տակ եմ մնում»։

Երբ արևը ծագեց, չգիտեմ ի՞նչ զգացմունքից դրդված, նա կանգնեցրեց յուր ձին և մի քանի րոպե լուռ նայում էր դեպի այն կողմը, ուր նրա հոր լայնատարած կալվածների սահմանները հետըզհետե անհայտանում էին մեր տեսությունից։ Նա իսկույն երեսը շուռ տվեց, որ ես չնկատեմ նրա արտասուքը։ Նա գնում էր, հեռանում էր այն երկրից, ուր ծնվել, սնվել ու մեծացել էր։ Բայց ո՞ւր էր գնում,— ինքն էլ չգիտեր։ Բայց ինչո՞ւ էր թաքցնում ինձանից յուր արտասուքը։ Նա այնքան հպարտ էր, որ չէր արժանացնում ինձ տեսնել ո՛չ նրա ուրախությունը և ո՛չ տրտմությունը։

Ես մոտեցա, երբ նկատեցի, որ ուզում էր խոսել ինձ հետ։

— Մենք լավ չարեցինք,— ասաց նա,— որ այդ ձիաները վեր առինք հորս ախոռատնից։

— Ինչո՞ւ լավ չարեցինք,— հարցրի ես։

Դու գիտես հորս բնավորությունը, նա այսօր այն խեղճ Թունիին սպանել կտա, որ մեզ ձիաներ տվեց։

— Ուրիշ ճար չկար, ո՞րտեղից կարող էինք գտնել ուրիշ ձիաներ։

— Կարող էինք ոտքով փախչել։

— Դա կհոգնեցներ ձեզ։ Իսկ մեզ պետք է, որքան կարելի է, շուտով հեռանալ այդ կողմերից։

— Ինչո՞ւ։

— Մի՞թե դուք չգիտեք, որ հետամուտ կլինեն մեզ։ Մի՞թե դուք չեք իմանում, որ հենց այս առավոտ, երբ կնկատեն, որ դուք