Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնած էր նա, և, ավելի ճիշտ ասած, պահվում էր մի այնպիսի ինքնամոռացության մեջ, որ չէր զգում իմ ներկայությունը։ Այն զվարթ դեմքը, որ մի ժամանակ յուր կանացի քնքշության հետ արտահայտում էր այրական վեհություն, այժմ թառամած էր, այժմ չուներ առաջվա կենդանությունը։ Այն խորհրդավոր աչքերը, որոնց մթության մեջ մի ժամանակ այնքան կյանք, այնքան գորով և այնքան հոգեկան ջերմ զգացմունքներ կային,— այժմ այդ աչքերը չունեին առաջվա կրակը։ Այն ողջախոհական շրթունքները, որոնցից լսել էի այնքան քաղցր, այնքան բարեկամական խոսքեր, որոնք միշտ մխիթարել և խրախուսել էին ինձ,— այժմ այդ շրթունքները թրթռում էին տենդային ցնցումներով և իմ մեջ ազդում էին սոսկում ու զարհուրանք միայն։ Հուսահատական խառն մտածություններ տանջում էին ինձ։ Ի՞նչ կլինի մեր վերջը, եթե երկար կտևե նրա հիվանդությունը, ասում էի ես։ Եթե նա առողջ լիներ, նա այնքան ուժ և տոկունություն ուներ, որ ամեն տեղ կարող էր գալ ինձ հետ, և ես ամեն տեղ կարող էի տանել նրան։ Կգնայինք, կհեռանայինք մի անծանոթ աշխարհ և ոչ ոք չէր գտնի մեզ։ Բայց ի՞նչ կարելի էր անել հիվանդի հետ, ո՞ւր տանել նրան, ո՞րտեղ թաքցնել, այդ մտքերը սաստիկ խռովեցնում էին ինձ։ Մենք դեռ պարսից սահմանից շատ չէինք հեռացել, մենք դեռ բավական մոտ էինք գտնվում այն երկրին, որտեղ բնակվում էր նրա հայրը։ Իսկ այդ անգութ հոր սատանայական հետախուզություններից անհայտ մնալը հեշտ բան չէր։ Անկարելի էր, որ նա ստուգած չլիներ, թե մենք ո՞ր կողմը կամ ո՞ւր էինք գնացել։ Օրիորդը ընդհատեց իմ մտածությունները։ Նա այժմ զառանցության մեջ արտասանում էր զանազան անկապ խոսքեր։ Մի քանի անգամ պարզ լսեցի իմ անունը։ Նա խոսում էր ինձ հետ, երազների և ցնորքների աշխարհում խոսում էր ինձ հետ: Քնած դրության մեջ մարդը գաղտնիք պահել չէ կարող, որովհետև աշխարհի պայմանները զգուշության մեջ չեն դնում նրան։ Նա խոսում է, նա դատում է, որպես մտածում է։ Նրա զգացմունքները նույնքան անկեղծ են լինում, որքան անկեղծ է նրա դրությունը: «Սիրում եմ քեզ — ասաց նա հեզությամբ լի ձայնով,— քո զոհաբերությունը ուրիշ ոչնչով չեմ կարող վարձատրել, բայց միայն իմ սիրովս...» Այդ խոսքերը արտասանելու միջոցին նա յուր տկարացած թևքերը տարածեց, երևի ինձ գրկելու համար։ Բայց իմ շրթունքներն արդեն սեղմված էին նրա տաքացած երեսի վրա, և նրա բազուկներն անգիտակցաբար փաթաթվել էին իմ պարանոցին: Երազների աշխարհում նա գրկած ուներ իմ ուրվականը, բայց իսկության