Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորս տունը, դարձյալ չեմ վախենա, որովհետև գիտեմ, որ մինչև այնտեղ հասցնելը կենդանի չեմ մնա։ Այնուհետև իմ դիակի հետ ինչ որ ուզում են, թող անեն...

Օրիորդի հուսահատական խոսքերը կրակի նման այրում էին իմ սիրտը. իմ լեզուն կապվեցավ, ես մի բառ անգամ չկարողացա գտնել նրան մխիթարելու։ Ես ցանկանում էի գրկել նրա ոտները, համբուրել և ասել, որ մինչև մահ քո ծառան, քո ստրուկը կդառնամ, քո ոտքերի տակի հողը կշինեմ և քեզանից չեմ բաժանվի։ Բայց նա չթողեց ինձ խոսել, ասելով.

— Իմ բանը պրծած է... ես շատ չեմ ապրի... դու քո գլուխը ազատիր և իմ վրա մի՛ մտածիր․․․։

Իմ աչքերը լցվեցան արտասուքով։ Նա ափսոսում էր ինձ... արդյոք իմ մատուցած ծառայությունների համար, արդյոք երախտագիտության զգացմունքի՞ց դրդված, թե մի այլ կիրք թելադրում էր այդպես խոսել։— Ես այդ հասկանալ չկարողացա, միայն նկատում էի, կարծես թե նա մինչև անգամ ուրախ էր, որ հանգամանքները փոխվեցան, կարծես թե ցանկանում էր առանձնանալ և առժամանակ անջատված լինել ինձանից։ Ի՞նչ էր պատճառը։ Ես այդ հասկացա, բայց շատ ուշ հասկացա, երբ նա արդեն այս աշխարհից հրաժարվել էր և յուր վշտերը յուր հետ գերեզման էր տարել... Հիվանդության մահճի մեջ երկու զգացմունքներ կռվում էին նրա սրտում, մեկը՝ սեր, որ դեռ նոր բոցավառվում էր նրա մեջ, մյուսը՝ ազնվատոհմական հպարտությունը, թե ի՞նչպես կարող էր կին լինել մի ռամիկ յուր հոր տան ծառայի որդուն։ Նա վախենում էր աշխարհի նախատինքից և ցանկանում էր օգուտ քաղել իմ բացակայությունից և խեղդել յուր սրտի մեջ իրան տանջող զգացմունքը»...։

Ավազակապետը կանգ առեց։ Վաղեմի հիշողությունները շոշափեցին նրա սրտի դեռ ոչ բոլորովին բուժված վերքերը։ Նա երեսը մի կողմ շուռ տվեց, որ ես չտեսնեմ նրա արտասուքը։

«Ես բոլորովին չանջատվեցա նրանից,— շարունակեց դժբախտը ցավալի ձայնով։— Ես հեռացա, բայց շատ հեռու չգնացի։ Ցերեկով անհետանում էի մերձակա անտառներում, թափառում էի մթին ծմակների մեջ, կենակցում էի ծառերի, ժայռերի և գազանների հետ, և իմ վշտերը ցրում էի որսորդությամբ։ Իսկ գիշերը մոտենում էի մեր հյուրընկալի տաղավարներին, և եթե միջոց էի գտնում, մտնում էի հիվանդին տեսնելու։ Երբ նա յուր պղտորված աչքերը բաց էր անում, տեսնում էր ինձ յուր մահճի մոտ նստած,