Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրա անկեղծ ամոթխածության համար, որոնք իսպառ բավականացուցիչ չէին յուր ցանկությունների համար։

Մի օր երեկոյան պահուն Մայիլովը դարձյալ եկավ Գրիգոլիի մոտ, բայց նա տանը չէր, այդ պատճառով օրիորդ Սոֆին հրավիրեց նրան յուր սենյակը։

Նրա մայրը այդ երեկո գնացել էր հյուր յուր եղբոր տուն, քույրերն իրանց սենյակումն էին, իսկ օրիորդը միայնակ էր։

Թեյ բերին կաթնով և պաքսիմատով։ Մայիլովն յուր սովորական ամոթխածությամբ ընդունեց գավաթը և սկսեց կամաց-կամաց խմել։

Նա լուռ էր։ Օրիորդը մտածեց զբաղեցնել նրան։

- Դուք սիրո՜ւմ եք մուզիկա,- հարցրեց նրանից օրիորդը՝ թեյ ըմպելուց հետո։

- Սիրում եմ,- պատասխանեց Մայիլովը։

- Ուրեմն գնանք դահլիճ, ես կնվագեմ ձեզ համար պիանոյի վրա։

- Գնանք,- ասաց գիմնազիստը և վեր կացավ։ Նրանք գնացին դահլիճ, որ փառավորապես լուսավորված էր։ Օրիորդը նստավ պիանոյի առջև, նրանից մի քիշ հեռու նստեց Մայիլովը։ Պիանոն հնչեց, օրիորդը հիանալի ձայնով երգեց ռուսերեն մի սոնետ…:

Օրիորդ Սոֆիի քաղցր ձայնը յուր անուշ հնչյուններով միախառնվելով դաշնամուրի արվեստական ձայների հետ՝ ձևացնում էր հիանալի ներդաշնակություն։ Մայիլովը, որ ոչինչ ճաշակ չուներ մուզիկայի մեջ, դարձյալ սքանչացած լսում էր, թեև նա չէր որոշում ձայների փոփոխությունները, բայց նրան դյուր էին դալիս միայն քաղցր հնչյունները։

Օրիորդը դադարեց նվազելուց։

- Ի՞նչպես է, ձեզ դուր եկա՞վ,- հարցրեց նա Մայիլովին՝ ուղղակի նայելով նրա աչքերի մեջ։

- Շատ լավ եք ածում,- պատասխանեց Մայիլովը։- այլև հիանալի երգում եք։

- Կամենա՜ք ես կսովորեցնեմ ձեզ դաշնամուրի վրա նվագել։

- Ես շատ կցանկանայի, եթե ժամանակս ներեր։

- Ինչու՞, դուք ամեն օր կարող եք կես ժամ պարապել, երբ գալիս եք այստեղ Գրիգոլի հետ դաս սովորելու, և ես խոստանում եմ ձեզ սովորացնել։