Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես բռնեցի առաջին պատահած ճանապարհը և հեռացա։ Դեռ գյուղից չէի դուրս եկել։

— Մուրացկա՛ն, մուրացկա՛ն,— ձայն տվեց մի երեխա,

— Ես Սիբիր եմ գնում...— պատասխանեցի նրան։

Ես անցնում էի փոստային իջևանի առջևից։ Այդ միջոցին ուղևորի սայլակը, փոշու ամպերի մեջ ծածկված, փոթորիկի նման հասավ իջևանը։ Սայլակի միջից դուրս նետվեցավ մի պարոն, վազեց իմ ետևից և իմ թևքից բռնելով ասաց.

— Վերջապես գտա քեզ...։

Այդ պարոն բժշկապետն էր։ Ես իսկույն նկատեցի նրա բարի դեմքի վրա այն մեծ ուրախությունը, որ պատճառեց ինձ գտնելը։ Ո՛ւր ես գնում»,— հարցրեց նա, չթողնելով իմ ձեռքը։ «Սիբի՛ր»,— պատասխանեցի ես, աշխատելով դուրս պրծնել նրա ձեռքից։ «Այժմ ուշ է,— ասաց նա,— տեսնո՞ւմ ես, արեգակը մտնելու մոտ է, տեղ չես հասնի, անապատումը կմնաս»։ «Ես միշտ անապատումն եմ գիշերում, մարդիկ ինձ տեղ չեն տալիս»։ «Մնա ինձ մոտ, այս գիշեր հանգստացիր, առավոտյան կշարունակես քո ճանապարհը»։ «Ես դեռ ոչ բոլորովին հոգնած եմ, կարող եմ անցնել մի քանի վերստ ևս, մինչև արեգակը կմտնե»։

— Վերջապես նա համոզեց ինձ մնալ և տարավ փոստային կայարանը,— շարունակեց Նենեն։— Աշնան սաստիկ ցրտերի ժամանակն էր։ Իսկ իմ հնամաշ հագուստը հազիվ ծածկում էր իմ մարմինը։ Ես նոր էի զգում, թե որքան մրսել էի։ Երբ մտա սենյակը, իմ ատամները սկսեցին բաբախել։ Իմ լեզուն դժվարանում էր շարժվել։ Նա իսկույն փաթաթեց ինձ յուր մուշտակի մեջ և նստեցրեց մահճակալի վրա։ Տաք թեյը կյանք տվեց ինձ, իսկ սպիտակ հացը կարագի հետ զորացրին իմ սպառված ուժերը։ Ես ա՛յժմ միայն հասկանում եմ, եթե այն դրության մեջ անապատում մնայի, անպատճառ կսառչեի։ Երբ ես բավական հանգստացա, երբ իմ գրգռված դրությունը մեղմացավ, բժշկապետը ասաց ինձ, որ ինքը հատկապես ինձ համար եկած էր։ Նա պատմեց, թե այն առավոտը, երբ ինձ պետք է արձակեին ապաշխարության տնից, ինքը և յուր կինը կառքով եկան այնտեղ, որ ինձ առնեն և իրանց տունը տանեն։ Բայց մինչև իրանց գալը, ես անհայտացած էի։ Հետո հարց ու փորձ անելով տեղեկացան, թե ես ո՛ր կողմն էի գնացել։ Բժշկապետը առանց ժամանակ կորցնելու հետամուտ եղավ և գտավ ինձ։

— Առավոտյան,— շարունակեց Նենեն,— բժշկապետը հայտնեց,