Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ: Նրանք պախարակում են այդ մեր տեսածները և ասում են, որ լավ բաներ չեն, ցույց են տալիս, թե ի՞նչպես մարդիկ կարող էին ավելի լավ լինել:

— Եվ դու լավացար,— կտրեցի ես Նենեի խոսքը։

— Այո՛, լավացա,— պատասխանեց նա մի առանձին բավականությամբ։

— Դու հենց սկզբից բարի էիր, Նենե։

— Իմ առաջվա բարության և այժմյան բարության մեջ մեծ զանազանություն կա։ Աղավնին էլ բարի է, բայց եթե նրան հարցնելու լինես, թե ինչու համար է բարի, նա քեզ չէ կարող բացատրել պատճառը։ Նա բարի է, ինքն էլ չգիտե, թե ինչի համար։ Այդպես էր և իմ բարի լինելը։ Ոչխարի բարություն և ավելի ոչինչ։ Բայց ես հիմա գիտեմ, թե ինչո՞ւ լավ է բարին և ինչու՞ վատ է չարը։ Չէ՞ որ, ես առաջ սուտեր էի խոսում, խաբում էի մարդկանց, բայց չէի հասկանում, որ դա վատ է։ Ես մի բոշա աղջիկ էի և մորիցս սովորած կախարդությանը ինքս էլ հավատում էի։ Բայց հիմա գիտեմ, որ այն բոլորը խաբեբայություն էր։ Այդ թողնենք,— խոսքը փոխեց Նենեն,— բժշկապետը և նրա կինը կատարեցին իրանց խոստումը։ Երբ նրանք պաշտոն ստացան Սիբիրում, ինձ ևս բերեցին իրանց հետ։ Իմ հարաբերությունը քեզ հետ նրանք գիտեին, նրանց հայտնի էր և այն, թե ո՛ր աստիճան ես սիրում եմ քեզ։ Հետո, թեև ինձանից գաղտնի, նրանք աշխատում էին, որ դու ազատված լինես քո դատապարտությունից, և մեզ բախտավորացնեն ամուսնական կյանքով։ Այդ մասին ինձ հետ չէին խոսում, բայց ես նրանց ակնարկություններից և առանձին խոսակցություններից շատ բան էի հասկանում։

— Ի՞նչ միջոցներով էին աշխատում,— հարցրի ես անհամբերությամբ։— Արդյոք հույս կա՞... կարելի՞ է...— և բազմաթիվ հարցերով շփոթեցրի Նենեին։

Կարծես, նա վախենում էր, որ միանգամից հաղորղած ուրախալի տեղեկությունը կարող էր վատ ազդել իմ առողջության վրա և երևի այդ մտքով բավական հեռվից սկսեց յուր պատասխանը։

— Դու պետք է գիտենաս,— ասաց նա,— որ բժշկապետը աղքատ և շատ աղքատ ծնողների որդի է եղել, ժողովրդի ստոր դասակարգից։ Նրա հայրը փողոցներում կոշկաներկ վաճառող է եղել, իսկ մայրը՝ մի լվացարար կին։ Բայց տիկինը բարձր շրջաններից է, Ս. Պետերբուրգում նշանավոր ազգականներ ու բարեկամներ