Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրանց անասունների հետ գնացել են յայլաղ․[1] մնացել են մի քանի հայի ընտանիքներ, նրանք էլ կույր հավի նման, հենց որ մութը պատում է, երկյուղից իրանց խրճիթներից դուրս չեն գալիս, փակվում են, գլուխները դնում, քնում են։

— Ո՞րտեղ պահեցիք ապրանքները։

— Ալոյի տանը, ասացի, այդ հին գայլի տան մեջ հարյուրավոր ծակեր կան, մեկի մեջ լցրեցինք, դռները կողպեցինք։ Սատանան էլ չի կարող գտնել։ Ահա բանալիները բերել եմ հետս,— ասաց նա և տվեց բեկին երկու բանալիներ։

— Ալոն մեր հավատարիմն է, վնաս չունի, — նկատեց բեկը,— առաջին անգամը չէ, որ նա այսպիսի ծառայություններ է անում մեզ։

Վերջացնելով իր կարգադրությունների պատմությունը, Կրպոն սկսեց նկարագրել, թե որպես հարձակվեցին քարավանի վրա, որպես կողոպտեցին, ով ինչ քաջություններ գործեց և այլն։

— Շատ ապրես, Կրպո, ես քո քաջությունները միշտ գնահատել եմ,— պատասխանեց բեկը։— Երբ այդ անպիտանին կհեռացնենք այստեղից (խոսքը մուդիրի մասին էր), ես կբաժանեմ կողոպուտը և ձեզանից ամեն մեկը կստանա իր արժանավոր բաժինը։

Կրպոն գլուխ տվեց և ոչինչ չխոսեց։

— Բայց ինձ տանջում է մի միտք,— առաջ տարավ բեկը ծանրությամբ,— ես կցանկանայի, որ այդ գործը չկատարվեր, քանի որ այդ մարդը այստեղ էր։

— Մուդիրի համա՞ր ես ասում։

— Այո՛, մուդիրի համար։

— Մեծ ցավ չէ,— խոսեց Կրպոն ծիծաղելով,— մենք մուդիր էֆենդիին այստեղից փառքով և ընծաներով ճանապարհ կդնենք, այնպես որ, նա շատ գոհ կգնա մեր մոտից։ Բայց ետևից երկու ձիավոր կուղարկենք, դեռ Արզրում չհասած, գլուխը կկտրեն և մեր տված ընծաները ետ կբերեն։ Եվ մուդիր էֆենդին էլ չէ կարող գնալ վալիի մոտ, որ պատմե, թե ինչ տեսավ այստեղ։ Լա՞վ եմ մտածել։

Բեկը իսկույն չպատասխանեց, նա լուռ մտածում էր։

— Սպանությունը, իհարկե, կկատարվի մեր երկրի սահմաններից դուրս, Արզրումի մոտակայքում,— ավելացրեց Կրպոն,— այն ժամանակ մեղքը մեզանից հեռու կլինի, ոչ ոք չէ կարող կասկածել մեր մասին։

  1. Յայլաղ նշանակում է անասուններ արածեցնելու տեղ, արոտատեղ։