Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օր հազիվ կլիներ, որ նա մի անգամ ևս անցել էր նույն ճանապարհով, այն ժամանակ այսպես չէր, այն ժամանակ բոլորովին ուրիշ տպավորություն էին գործում այն գեղեցիկ լեռները։ — Խոտավետ արոտներում արածում էին ոչխարների հոտեր, ձորերի մեջ կազմված էին խաշնարած հայերի վրաններ, և հովիվների սրինգը հեռվից հնչվում էր թռչունների առավոտյան ձայների հետ։ Այն ժամանակ հովիտների և լեռնադաշտերի վրա հողագործ հայը, իր սովորական երգը երգելով, վարում էր և կամ հնձում էր։ Մի խոսքով, մարդը բնության հետ միանալով անընդհատ քաղցր աշխատության մեջ էին։ Իսկ այժմ։— Այժմ ամեն գործ դադարել էր. ոչ մի հոգի և ոչ մի շունչ չէր երևում, նույնիսկ ճանապարհը, որով գնում էր նա, թափուր էր մնացած հաճախ անցուդարձ անող քարավաններից: Ի՞նչ էր պատճառը։ Կարծես մի չար և ոչնչացնող ձեռք անցել էր այն ընդարձակ տարածության վրայով, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն...։

Երիտասարդը զգաց սարսուռի նման մի բան, և նրա արևից այրված գորշ դեմքը գունաթափվելով, ստացավ մուգ դեղնապղնձի գույն։ Երկյուղը չէր, որ այնպես վրդովեց նրան, երկյուղ ասած բանը ծանոթ չէր նրա երկաթի սրտին։ Բայց նրա մեջ վառվեց մի կիրք, որ ավելի նման էր կատաղի բարկության։

Ճանապարհը այժմ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի սարի զառիվերը. գագաթից երևացին նրան նիզակների սուր-սուր ծայրեր, և փոքր ինչ ցած իջնելով, տեսավ, որ իր առջևը գնում էին մի խումբ ձիավորներ։ Երևի, ձիավորներն նույնպես տեսան նրան, որովհետև կանգնեցին, մինչև կհասներ մենավոր ճանապարհորդը։ Բայց դեռ մեջտեղում բավական տարածություն կար։

Երիտասարդի ուշադրությունը գրավեց մի բան. նա նկատեց, որ ձիավորները քրդեր էին, նրանք երգում էին և ուրախ էին, որպես կռվողներ, որ վերադառնում էին հաղթանակով։ Նրա աչքերը այնքան սովորած էին այս բարբարոս ժողովրդի ցույցերին, որ ամենաչնչին երևույթից կարող էր շատ բաներ գուշակել։ Այս պատճառով արյունը զարկեց նրա գլխին, երբ տեսավ, որ նրանց նիզակների ծայրերին դրոշակների նման ծածանվում էին շորի կտորներ։ Հմուտ աչքը առաջին անգամից կարող էր նկատել, թե դրանք կնոջ հագուստներ էին, և այն ստորին հագուստը, որ համեստությունը միշտ հեռու է պահում տղամարդի աչքերից...

Դա բարբարոսության ամենախայտառակ մի ցույցն է, որ