Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարկեշտ կանանց ողջախոհությունը բռնաբարելուց հետո, դեռահաս կույսերի անմեղությունը խախտելուց հետո, չարագործը, որպես պարծանք իր անբարոյականության, որպես հաղթանակի նշան,— նրանց ամոթո ծածկույթը ցցում է իր նիզակի գլխին, ցույց տալու համար, թե ինքը խղճի և ազնվության դեմ մի գործ է կատարել...։

Երիտասարդը իր վրդովմունքը զսպելով, մոտեցավ խմբին, և պահպանելով իր ծպտյալ դերը, տվեց սովորական ողջույն քրդերեն լեզվով.

— Բարի՛ ճանապարհ։

— Բարի՛ ճանապարհ և քեզ, — պատասխանեցին նրան, հարցնելով.

— Որտեղի՞ց այսպես։

Երիտասարդը իր նիզակը նեցուկ տալով մարմնին, կանգնեց, պատասխանելով.

— Վանից։

— Ի՞նչ կա, ո ՞ւր եք գնում։

— Գնում եմ Բաշ-Կալա[1]։ Փաշայից նամակ եմ տանում Մուդուրին:

Քրդերը խորհրդավոր կերպով նայեցին մինը մյուսի երեսին:

— Դուք ո՞ւր եք գնում,— հարցրեց երիտասարդը։

— Գավուրների դեմ,— ասաց նրանցից մեկը,— Շեյխը կանչել է։ Գնում ենք կռվելու։

— Որպես երևում է, դուք ձեր առաջին քաջությունը փորձել եք այդ ողորմելի շորի կտորների վրա...— ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով։

— Այդ մի փոքրիկ որս էր, որ պատահեց մեզ ճանապարհի վրա. մեր եղբայրները այրել էին մի հայոց գյուղ, բայց կանայքը փախել էին մերձակա լեռան վրա...

— Նրանցից պրծան, ձեր ձեռքը ընկան...— կտրեց երիտասարդը քրդի խոսքը։

Քրդերից մեկը կասկածավոր կերպով հարցրեց.

— Դու ո՞րտեղացի ես։

— Սիպան լեռներից, Հեյդարանլի ցեղիցն եմ,— ասաց երիտասարդը նույն ցեղին հատուկ բարբառով։

— Հեյդարանլիները չե՞ն գնում։

  1. Աղբակ գավառի բերդաքաղաքն է: