ճշմարտությունը, բայց միևնույն ժամանակ չէր հավանում նրա համարձակությանը, մտածելով, որ մի պաշտոնական մարդու հետ անվայելուչ էր այսպես խոսել։ Այդ պատճառով նա շատ ուրախ եղավ, երբ ճաշը վերջացավ, բայց չէր սպասում, որ մի նոր խռովություն ևս պիտի ծագե։
Ճաշելուց հետո իսկույն ղահվե տվեցին. տեղային սովորության համեմատ, առանց շաքարի։ Թոմաս էֆենդին պատվիրած էր, որ ամեն անգամ, երբ ինքը այս տանը ղահվե խմելու լինի, պետք է նրանից հետո ծխելու չիբուխը Ստեփանիկը պատրաստե, «որովհետև Ստեփանիկի ձեռքով պատրաստած չիբուխը ավելի համով է լինում», ասում էր նա։ Մի զարմանալի գաղտնիք կար այս խեղճ պատանու ճակատագրի մեջ։ Ֆաթթահ-բեկը Խաչոյի տանը հյուր եղած ժամանակը պահանջում էր նրա ձեռքից ղահվե ընդունել, ասելով, թե «շատ համով է լինում», իսկ Թոմաս էֆենդին նույն մտքով չիբուխ էր պատրաստել տալիս։ Գոնե քուրդ բեկը գիտեր Ստեփանիկի աղջիկ լինելը և սիրում էր նրան, բայց հայ էֆենդին նույնպես գիտե՞ր այդ գաղտնիքը, նույնպես սիրու՞մ էր նրան, որ նրա ձեռքով պատրաստած չիբուխը համով էր լինում...
Երբ Ստեփանիկը տաճկական երկար չիբուխը ներս բերեց, և մոտեցավ, կամենում էր տալ էֆենդուն, Վարդանը բոլորովին գժվեցավ։ Նրան հայտնի էր այդ թուրքական սովորության կեղտոտ նշանակությունը, այս պատճառով նա խլեց պատանու ձեռքից չիբուխը, և դուրս ձգելով օդայի պատուհանից, ասաց նրան.
— Հեռացի՛ր, Ստեփաննիկ։
Պատանին շվարած դուրս գնաց։
Կարծես չիբուխը էֆենդու գլխին զարկեցին. նա կատաղեցավ։
— Այդպիսի հանաքներ ես չեմ սիրում,— ասաց նա,— դու անպատվում ես ինձ։
— Քեզ նման մարդիկ պատվի վրա խոսելու իրավունք չունեն։
— Ե՞ս, ե՞ս, այս ամբողջ գավառի մուլթեզիմը,— գոռաց կապալառուն։
— Այո՛, դուն, այս ամբողջ գավառի ավազակը։
Կապալառուն մի քանի շարժումներ գործեց, ցույց տալով, թե ուզում է տեղից վեր կենալ։
— Մի՛ շարժվիր, եթե ոչ շան նման կսատկացնեմ,— ասաց Վարդանը, ձեռքը տանելով դեպի իր սուրը։
Զափթիաներից մեկը մեջ մտավ.