Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խիստ հետաքրքիր տեսարան էր ներկայացնում այն տեղը, ուր նստած էր Հայրապետը։ Դա մի լեռան ստորոտ էր, որ ծածկված էր ժայռերի բեկորներով, որոնք ժամանակի խորտակիչ ձեռքով ջարդուփշուր եղել և թափվել էին ցած։ Նրա շրջակայքը պատած էր վայրենի մացառներով և զանազան տեսակ թփերով, որոնց միջից տեղատեղ բարձրանում էին ծառեր։ Հայրապետի ուշադրությունը գրավեց մի խնձորենի. նա տեսավ, որ ԺիԺքը[1] փաթաթվել էր նրա բունին, վեր էր բարձրացել և աճելով դեպի ամեն կողմը տարածել էր իր օձի նման ոլորուն ոստերը։ Նա, կարծես, աշխատում էր իր ծանրության ներքո ճնշել, խեղդել, մաշել և միանգամից կլանել խեղճ խնձորենուն, որի վերին ճյուղերը արդեն գոսացել, տերևներից զրկվել և չորացել էին... Լինում են րոպեներ, որ հասարակ մարդն անգամ փիլիսոփա է դառնում։ «Ահա՛ մի գեղեցիկ օրինակ, մտածում էր Հայրապետը, ահա մի վայրենի բույս, որ ինքը չէ գործում, չէ աշխատում, մայր հողի մեջ արմատներ չունի, այլ իր ճանկերի մեջ հափշտակելով մի ավելի քաղաքակրթված և պտղատու բույսին, ձրի կերակրվում է նրա հաշվով, ագահությամբ ծծում է նրա հյութը, և վերջապես սպառելով նրա կենսական ուժերը, սպանում է նրան... Միթե այսպես չէ՞ վարվում մեզ հետ քուրդը, միթե նա էլ մի այսպիսի ժիժք չէ՞, որ ապրում է խեղճ հայի հաշվովս»։

Հայրապետը զգայուն մարդ էր և բավական պարզ հասկացողություններ ուներ։ Ո՞րտեղից նա սեփականեց իրան այդ հասկացողությունները։ Իհարկե, եթե նա իր հայրենի աշխարհի հորիզոնից մի անգամ ևս ոտքը դուրս դրած չլիներ, անտարակույս, կմեծանար, կզարգանար նույն սահմանափակ նախապաշարմունքներով, որպես էին նրա հայրենակիցները։ Բայց բախտը ուրիշ կերպ տնօրինեց նրա կյանքը։ Նա իր երիտասարդությունը անց էր կացրել օտար աշխարհներում։ Դեռ պատանի հասակում Հայրապետը, չգիտեմ ինչ պատճառով անբավականություն ունեցավ հոր հետ, և որպես այդ շատ անգամ պատահում է գավառներում, թողեց հոր տունը և սկսեց թափառել երկրե երկիր։ Ճակատագիրը նրան ձգեց Կ. Պոլսի մեջ, որ ներկայացնում է Եվրոպայի և Ասիայի հանգույցը։ Այստեղ անցավ նա կյանքի զանազան շրջաններից, և թեև մի

  1. Ժիժքը պատատուկների կամ պարազիտների մի տեսակն է․ պարազիտները կերակրվում են օտար բույսերի հյութով։