Լալան ինքն էլ սկսեց լաց լինել։ Երբ մի փոքր հանգստացավ, հարցրեց.
— Վարդան, դու ինձ այստեղից կտանես, այնպես չէ՞:
— Կտանեմ, միամիտ կաց։
— Շուտ տա՛ր, կուզես, հենց հիմա տար, ես կգամ քեզ հետ, ուր որ տանելու լինես։
— Մի քանի օր սպասիր, Լալա, մինչև հորդ հետ կխոսեմ։
Այսպես նստած, նրանք երկար և երկար խոսում էին գիշերային մթության մեջ, մինչև տխրության զգացմունքը տեղի տվեց սիրո բերկրության զգացմունքին։
ԺԹ
Մյուս առավոտ Վարդանը զարթնեց շատ ուշ, որովհետև գիշերը մեծ մասը անց էր կացրել անքուն։ Մի գաղտնի ուրախություն փայլում էր նրա փոքր ինչ գունաթափ դեմքի վրա: Նա տեսավ, որ պարոն Դուդուկջյանը օդայում չէ, միայն մի անկյունում դրած էր նրա ճանապարհորդական խուրջինը։ Ո՞ւր էր գնացել այդ մարդը։ Վարդանը հենց առաջին օրից նկատեց, որ պարոնը մի անփորձ երիտասարդ էր, որին պետք էր պահպանել և աչքից հեռու չթողնել։
Ծերունու տանը ամեն ոք զբաղված էր իր սովորական գործով։ Խաչոյի որդիները գնացել էին իրանց դաշտային մշակությունները հոգալու։ Ինքը՝ ծերունի հայրը դուրս էր եկել որ տեսնե, թե ինչ են շինում որդիները։ Հարսները զբաղված էին տնային տնտեսությունով։ Ոչ ոք անգործ չէր։ Միայն Հայրապետը մնացել էր տանը։ Նա հարմար ժամանակ համարեց մտնել Վարդանի մոտ, մտածելով, գուցե նրանից մի բացատրություն կլսե Լալայի մասին և առիթ կունենա քրոջ մասին խոսելու։ Նրա մյուս եղբայրները, բացի Ապոյից, այլևս Լալայի մասին չէին մտածում, և համարյա մոռացել էին, թե ինչ վտանգ է սպառնում նրան քուրդ բեկից։ Նրանք թողել էին Լալային իր բախտին, կրկնելով այն ճակատագրական խոսքը, թե ինչ որ աստված կամեցել է այն կլինի։ Հայրը դեռ ոչինչ լսած չէր։ Նա մտածում էր ստուգել Թոմաս էֆենդու անցյալը, որին համարում էր իր Լալայի ապագա փեսան։
Երբ Հայրապետը մտավ օդան, Վարդանը հարցրեց նրանից.