եղանակել իր վաճառքների անունները և ծանր անհավասար քայլերով անցնում էր գյուղի նեղ փողոցների միջով։ Պարոն Սալմանը անցավ նրա մոտից և երկու օտարականների հայացքները հանդիպեցին միմյանց: Նրանց մեջ ամենևին խոսակցություն չեղավ, բայց հաղորդեցին միմյանց շատ բան... Վարդանը ոչինչ չնկատեց:
— Լա՜վ ժամանակ է գտել դա էլ իր թելն ու ասեղը ծախելու, խեղճ գյուղացիների մոտ մի փարա էլ չի մնացել, ի՞նչով պիտի առնեն,— ասաց Վարդանը ծիծաղելով, երբ փոքր ինչ հեռացել էին չարչու մոտից։
— Նրա արկղը, սիրելիս, ձեռնածուների արկղիկի նման երկու հատակ ունի,— պատասխանեց պարոն Սալմանը,— ստորին հատակի մեջ գտնվում են այնպիսի մթերքներ, որոնց սպառելու այժմ ամենահարմար ժամանակն է...
Վարդանը մի առանձին ուշադրություն չդարձրեց այդ խորհրդավոր խոսքերի վրա, նրա միտքը նույն րոպեում զբաղված էր մի բոլորովին այլ առարկայով։ Նա մտածում էր Լալայի վրա։ Իրերի հանկարծակի փոփոխությունը, շրջապատող խռովությունները սաստիկ անհանգստացնում էին նրան, և չգիտեր, թե ինչպես պետք էր տնօրինել իր Լալայի վիճակը, ո՞րտեղ թաքցնել նրան, ի՞նչ անել նրա հետ, երբ ինքը այսօր կամ էգուց ստիպված կլիներ ընդունել մի բոլորովին այլ ձեռնարկություն...
— Լա՛վ ասեղներ, գույն-գույն թելեր, սիրուն հուլուններ...— հեռվից կրկին լսելի եղավ կաղ չարչու խռպոտ և ձգական ձայնը։
Այդ միջոցին գյուղի մեջ հանդիպեցավ պարոն Սալմանին և Վարդանին Թոմաս էֆենդին։ Նրա մոտ կանգնեցրել էին իր գեղեցիկ ձին, որի վրա պատրաստվում էր նստել: Նա շրջապատված էր մի խումբ գյուղացիներով, որոնց զանազան հրամաններ և պատվերներ էր տալիս։ Տեսնելով պարոն Սալմանին և Վարդանին, նա բաժանվեցավ խումբից, և իր սովորական դիվական ժպիտը երեսին, դիմեց դեպի երկու երիտասարդները, և դեռ չհասած, ասաց հեռվից.
— Ես ձեզ վաղուց էի ցանկանում տեսնել, պարոն Դուդուկջյան (նա դեռ չգիտեր պարոն Սալմանի իսկական անունը), ա՜խ, որքան բախտավոր եմ համարում ինձ, սիրելի հայրենակից, որ առիթ ունեցա տեսնել ձեզ։ Դուք, երևի, չգիտե՛ք, որ ես էլ պոլսեցի եմ։
Պարոն Սալմանին ոչ միայն չափազանց զարմանալի, այլ շատ զզվելի թվեցավ էֆենդու այս տեսակ շողոքորթությունը, որին ամենևին չէր ճանաչում, որի հետ առաջին անգամ էր տեսնվում։ Նա ոչինչ չպատասխանեց։ Էֆենդին բռնելով նրա ձեռքը, ասաց.