Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո խեղճ մարդը բոլորովին սպանված էր։ Դառն հալածանքը, բռնի անարգությունը և գազանային անգթությունները իսպառ մաշել էին նրան։ Նա մոտեցավ, գրկեց Վարդանին և սրտի սաստիկ շարժմունքից մի բառ անգամ չգտավ հայտնելու իր ցավակցությունը։ Մի քանի կաթիլ արտասուք ասեցին շատ բան, ինչ որ չէր կարող ասել լեզուն։

— Սիրտդ պինդ պահիր, ծերունի հայր,— պատասխանեց նրան Վարդանը անխռով ձայնով,— ով որ ջրի մեջն է մտնում, թրջվելուց երկյուղ չպիտի ունենա... Մնացեք բարյավ։ Զինվորները ոչինչ չհասկացան, և հարգանքը ձին իրանց առջևը գցած, սկսեցին տանել։ Ծերունին երկար նայում էր նրանց ետևից, մինչև այնքան հեռացան, որ բոլորովին անհայտացան։

Նա խորասուզված տխուր մտածությունների մեջ, վերադարձավ տուն։ Ինչո՞ւ Վարդանին միայն տարան, ի՞նչու Հայրապետին և Ապոյին թողեցին, ի՞նչու իրան ևս չէին կալանավորում, այլ պահում էին ազատ, թեև հսկողության ներքո, դրանց մեջ ի՞նչ գաղտնիք կար։ Այդ հարցերը անհանգստացնում էին նրան։ Ծերունուն դեռ հայտնի չէր Թոմաս էֆենդու ծրագրի բուն բովանդակությունը։ Նա այնպես էր կարգագրել գործը, եթե ծերունին չընդուներ նրա առաջարկությունը Լալայի վերաբերությամբ, այն ժամանակ միայն իր վրեժխնդրության լիակատար դառնությունը պիտի թափեր խեղճ ծերունու ընտանիքի վրա։ Նա Վարդանին աքսորել տվեց, նա պարոն Սալմանին մատնեց, որովհետև դրանց վտանգավոր էր համարում իր պաշտած թուրք կառավարությանը։ Բայց ծերունի Խաչոյի և նրա որդիների մասին այս տեսակ կասկած չուներ, նրանց խառնեց մեղադրության գործի մեջ այն մտքով միայն, որ մի մեծ և ծանր դժվարության մեջ դնելով նրանց, առիթ ունենա ինքը պաշտպան և ազատիչ հանդիսանալ, և դրանով պարտավորացնելով նրանց, հետո իրավունք ունենա որպես վարձատրություն փոխարենը խնդրել Լալայի ձեռքը։ Ահա որպիսի վաճառականական մտախոհություններ դրդեցին էֆենդուն գործել մի մեծ չարություն, որի թշվառ հետևանքը իր բոլոր սատանայական խելքով նախատեսել չկարողացավ։

Բայց Թոմաս էֆենդին այս առավոտ չհայտնվեցավ։ Ծերունին ցանկանում էր տեսնել նրան, ցանկանում էր լսել նրա վճռական խոսքը, թե ինչով կվերջանա այս բոլորը։ Նա դեռ հավատում էր էֆենդու խոստմունքներին, նա դեռ հիշում էր այն խոսքը՝ «տանուտեր Խաչո, չեմ թողնի, որ քո գլխից մի մազ անգամ պակսի»...