Էֆենդու փոխարեն հայտնվեցավ տեր-Մարուքը— նրա պատգամավորը, որ խոստացել էր առավոտյան գնալ տանուտերի մոտ և խոսել Լալայի մասին։ Դժբախտության րոպեներում քահանայի ներկայությունը թեև մխիթարություն է պատճառում, բայց ծերունու վրա խիստ անախորժ տպավորություն գործեց։ Նա քահանաների մասին մի առանձին նախապաշարմունք ուներ և նրանց երեսը տեսնել միշտ համարում էր մի անաջողության նախազգացություն։ Բայց տեր հայրը զգուշությամբ մի կողմը տարավ նրան, հայտնելով, թե կարևոր խոսելիք ունի, և այդ փոքր ինչ հանգստացրեց ծերունուն։ Երկուսը միասին նստեցին պարտեզի մի խուլ կողմում, ծառերի հովանու տակ։
Տեր հոր դեսպանության հառաջաբանը եղավ մի շարք մխիթարական խոսքեր, մի շարք խրատներ, որ իր ձևով քարոզում էր նա և հաստատում էր սուրբ գրքից բերած օրինակներով։ Նա հոր Երանելիի չարչարանքները հիշելով, ասում էր, թե աստված շատ անգամ իր ծառաների հավատը փորձելու համար, գցում է նրանց զանազան տեսակ նեղությունների մեջ, միայն պետք է համբերող լինել, պետք է չհուսահատվել, որովհետև նա վերջը կփրկե իր հավատացյալներին անօրենի չարությունից և հավիտենական փառքի կարժանացնե և այլն։
Վերջացնելով իր խրատները, տեր հայրը մոտեցավ բուն առարկային, որի մասին խոսելու համար եկած էր։ Եվ հարսնախոսության մեջ բանակցող միջնորդների սովորական եղանակով, նա նույնպես իր առաջարկությունը սկսեց մի առակով:
— Մի թագավորի որդի,— ասաց նա,— գնացել էր որսի. գիշերը վեր հասնելով, չկարողացավ վերադառնալ և մնաց անտառի մեջ մի հովիվի խրճիթում։ Հովիվի հյուրասիրությունից շատ գոհ մնաց նա, բայց առավել գրավեց նրա սիրտը հովիվի գեղեցիկ աղջիկը։ Մյուս օրը թագավորի որդին դարձավ իր պալատը, հայտնեց հորը, թե ցանկանում է հովիվի դստեր հետ ամուսնանալ։ Հայրը խենթի տեղ դրեց որդուն և սաստիկ բարկացավ նրա վրա։ Բայց երկար ընդդիմությունից հետո երբ տեսավ, որ անկարելի էր որդուն համոզել, իր նախարարներից մեկին ուղարկեց, որ գնա հովիվի հետ հարսնախոսություն անե: Նախարարը ետ դարձավ, պատասխան բերեց, թե հովիվը չընդունեց իր աղջիկը թագավորի որդուն տալ։ Թագավորը զարմացավ և ուղարկեց մի այլ նախարար ավելի բարձր աստիճանով, քան թե առաջինը։ Նա էլ նույն պատասխանը բերավ։ Հետո թագավորը ուղարկեց իր առաջին