խորամիտ էր նա, որքան ճիշտ հաշվվող էր, և նպատակին հասնելու համար որքան սատանայական վարպետություն ուներ,— այնքան հոգեկան շարժումների մեջ անզգա էր նա։ Լալայի սերը վառեց հանգած սիրտը, և կաթեցրեց այնտեղ այն հրեղեն շողը, որ խավար մտքի մեջ լույս է փայլեցնում։ Նա նայեց իր գործողությունների վրա և սոսկաց։ «Այդ ի՞նչ արեցի ես»...— մրմնջում էր նա, և դարձյալ փետում էր իր մազերը։
Մինչև այն րոպեն նա չէր հասկանում իր եղեռնագործության ահավորությունը, մինչև այն րոպեն նա կարծում էր, թե նպատակի համար ամեն միջոց կարելի է գործ գնել։ Բայց այժմ զգում էր, թե ինչ մեծ չարիք գործեց ինքը։ Սկզբում նա մտածեց մի փոքրիկ խաղ խաղալ ծերունու հետ և երեխայի նման առնելով իր ձեռքը կրակի մի փոքր կայծ, դրանով կամենում էր վախեցնել նրան, որ կատարե ինչ որ ինքը կպահանջե։ Հանկարծ այդ կայծից առաջ եկավ մի ահագին հրդեհ, որ հանգցնել ինքը անկարող էր։—«Ա՜խ այդ ի՞նչ արեցի ես»...— դարձյալ բացականչեց նա։
Քահանան ահուդողով նայում էր էֆենդու տանջանքների վրա և կարծում էր, թե նա հոգեվարքի մեջ է գտնվում։ Եվ իրավ, նա թուլացած, ընկած էր, և մարմնի վրա երբեմն երևում էին տենդային ցնցումներ, իսկ շրթունքը սարսափելի կերպով դողդողում էին։ Երկար այդ դրության մեջ չարչարվում էր նա, մինչև աչքերը բաց արեց, և դառնալով քահանային, ասաց.
— Ինչ որ ասաց ծերունի Խաչոն, բոլորը ճշմարիտ է, տեր հայր, ես անարժան եմ նրա աղջկան։ Ի՞նչ կապ կարող է լինել մի ինձ նման եղեռնագործի և մի անմեղ հրեշտակի մեջ։ Անիծիր ինձ, տեր հայր, ես անեծքի եմ միայն արժանի...
Նա դարձյալ ընկավ ուշագնացության մեջ։ Քահանան կարծեց, թե մեռավ նա։
— Ա՞խ, իմ ապառիկները...— կոչեց նա,— կորա՛ն իմ ապառիկները...
ԼԴ
Դառնանք դեպի մեր պատմության սկիզբը:
Այժմ ընթերցողը, կարծեմ, ճանաչում է, թե ով էր այն երիտասարդը, որ Բայազեդի բերդի սարսափելի պաշարման ժամանակ ընդունեց բերդապահ Շտոկվիչի ձեռքից նամակը, և իրան