Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞ւր գնացին։

— Չեմ իմանում, բայց այնքան շտապով և այնքան հանկարծ եղավ նրանց գաղթականությունը, որ ժամանակ չունեցան ամեն բան իրանց հետ վեր առնել, աշխատում էին շուտով փախչել, որ թուրքերը չկոտորեն նրանց։

— Ազատվեցա՞ն։

— Մնացածներից շատերին կոտորեցին։

Սարսափելի իրականությունը փոքր առ փոքր պարզվում էր Վարդանի համար։ Անշուշտ կատարվել էր հայերի մի ընդհանուր գաղթականություն այս գավառից։ Բայց դեպի ո՞ր կողմը և ի՞նչ պատճառով,— քրդուհին նրան որոշ բացատրություններ տալ չկարողացավ։ Վարդանր ընկավ դառն մտածությունների մեջ։ Նա բոլորովին մոռացավ իր քաղցածությունը, և մինչև անգամ չէր նկատում գեղեցիկ քրդուհուն, որ իսկույն օջախի մեջ կրակ վառեց և սկսեք նրա համար ձվածեղ պատրաստել։

Ուրիշ ժամանակ, սրտի ավելի ուրախ տրամադրության մեջ, որևիցե երիտասարդ չէր կարող առանց հիացմունքի նայել գեղեցիկ կնոջ դալար հասակի վրա, որ իր պարզ շապիկի մեջ դարձյալ սքանչելի էր։ Գիշերային անկողնից նոր վերկացած լինելով, գլխին քող չուներ նա, միայն թանձր և թուխ գիսակներ պսակի ձևով կապած ուներ սիրուն ճակատի վրա։ Այսպիսի գլուխ այսպիսի հարուստ մազերով, այսպիսի դեմք այսպիսի փայլուն աչքերով, կարող էին ունենալ լեռնային կիսամերկ հավերժահարսունքը միայն, որոնք աղբյուրների հստակության մեջ են տեսնում իրանց գեղեցկությունը։

Լզ

Գիշերը անցել էր կեսից։ Քրդի փոքրիկ խրճիթի մեջ ճրագը դեռ վառվում էր։ Պարզ նահապետական ընտանիքը քնած էր․ բոլորը միևնույն հարկի տակ, բոլորը միևնույն չորս պատերի մեջ։ Մի կողմում պառավ սկեսուրը իր անկողնի մեջ խռմփում էր․ նրա մոտ պառկած էին երեխաները և ցերեկվա անհանգստությունից խառն երազներ էին տեսնում և քնի քաղցրության մեջ անդադար խոսում էին ու ժպտում։ Իր զավակների շարքում պառկած էր մայրը։ Լեռնային ազատ և պարզամիտ աղջիկը բոլորովին բնական էր