Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղանի վրա այն առավոտ ստացած լրագրի թերթը և ինքնաբավական ժպիտով ցույց տվեց մի հոդված։— Ա՜, քո հոդվածը արդեն դուրս է եկել, Լալա,— խոսեց հայրը, ակնոցները ուղղելով, թերթը մոտեցնելով աչքերին։

— «Լալա»,— գոչեց Վարդանը անզսպելի խռովության մեջ։

— «Այդ անունը,— պատասխանեց տանուտերը,— խիստ հաճախ է կրկնվում մեր տոհմի մեջ»։

Վարդանը փոքր ինչ հանգստացավ, բայց դարձյալ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե նա Լալան չէր։ Եթե նա Լալան չէր, անտարակույս, նրա հարություն առած ուրվականը պետք է լիներ։ Իհարկե, հարությունից հետո մարդիկ փոխվում են, ուրիշ տեսակ կրթություն և ուրիշ տեսակ բնավորություն են ստանում, պահպանելով իրանց իսկական պատկերը։

Բացի գեղեցիկ օրիորդից Վարդանին գրավում էր այս տան խաղաղ և բախտավոր կեցությունը։ Նա սկզբում կարծում էր, թե այդ մարդիկը գիշեր և ցերեկ հանգստություն չունին, աշխատում են և միշտ աշխատում են։ Իսկ այժմ տեսնում էր, որ դրանք էլ ունեն իրանց հանգստի և ուրախության ժամերը, դրանք էլ ունեն իրանց համեստ և լի բավականություններով ապրուստը։

— «Գյուղացու երջանկությունը,— ասաց տանուտերը,— չէ կայանում այնքան ծանր և անդուլ աշխատությունների մեջ, որքան գործի գիտենալու և նրան հեշտացնելու հնարների մեջ։ Բնության մեջ կան շատ ուժեր, որոնց պարգևել է աստված մեզ օգնելու հարմար, միայն պետք է ծանոթանալ նրանց հետ և գիտենալ թե ի՞նչ միջոցով կարելի է նրանցից օգուտ քաղել։

— «Այդ իրավ է,— պատասխանեց Վարդանը,— եթե քրդերը թողնեին գյուղացու վաստակը իր ձեռքում մնար, իմ կարծիքով, նա միշտ բախտավոր կլիներ»։

— «Ի՞նչ քրդեր,— հարցրեց տանուտերը զարմանալով»։

— «Այն քրդերը, որ ամեն օր ձեզ կողոպտում են»։

— «Հա՜, քրդերը...— պատասխանեց տան տերը, կարծես դժվարությամբ հիշելով վաղուց մոռացված մի ցեղի անուն։— Մեր երկաթի դարերի պատմության մեջ կարդացել եմ շատ բան քրդերի մասին, ճշմարիտ է, նրանք կողոպտում էին և մինչև անգամ կոտորում էին մեր պապերին։ Իսկ այժմ ո՞ւր են այդ բարբարոսները նրանք սպառվեցան, այլևս չկան։ Մի այսպիսի ցեղ չէր կարող դիմանալ քաղաքակրթության լույսին և այս պատճառով լուծվեցավ, այլասերվեցավ։ Դեռ անցյալ դարու սկզբներում նրանք ընդունեցին