Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր կրոնը, սկսեցին սովորել մեր դպրոցներում և հետզհետե խառնվելով մեզ հետ, անհետացան։

Վարդանը, լսելով այդ խոսքերը, չէր հավատում իր ականջներին, նրան երազ էր թվում բոլորը, թեև իսկապես երազի մեջ էր լսում և երազի մեջ էր տեսնում։ Տան տերը շարունակեց․

— «Մեր տոհմագրության գրքի մեջ գտնում ենք շատ տողեր քրդերի մասին, որ կարծես, արյունով գրված լինեին։ Մեր նախապապը, որից սկսվեցավ մեր տոհմը հայտնի լինիլ, կոչվում էր Խաչո․ նա հենց այս գյուղի տանուտերն էր․ քրդերը նրա ամբողջ ընտանիքը կոտորեցին, ինքը երկու որդիների հետ մեռավ բանտի մեջ։ Նրա մեծ որդի Հայրապետից մնաց մի արու զավակ միայն»․․․

— «Որ ալաշկերտցոց գաղթականության ժամանակ իր մոր՝ Սառայի հետ տարվեցավ Վաղարշապատ»,— ընդհատեց Վարդանը։

— «Այո՛, այդ արու զավակից հառաջ եկավ մեր տոհմը»։

— «Եվ նրա անունը Հովակիմ էր, մի քույր ուներ, որ կոչվում էր Նազլու, վերջինս մեռավ իր մոր հետ, և որբ մնացած Հովակիմին մի բժիշկ վեր առեց և մեծացրուց իր տան մեջ»։

— «Դրանք ո՞րտեղ ես կարդացել»,— հարցրեց տան տերը, զարմանալով, որ իր տոհմի պատմությունը մանրամասն կերպով հայտնի էր հյուրին։

— «Ես չեմ կարդացել, այլ իմ աչքովն եմ տեսել,— պատասխանեց Վարդանը։— Այդ բոլորը կատարվեցան այն ժամանակ,երբ քրդերը ոչնչացրին այդ գյուղը, ոչնչացրին և ամբողջ Ալաշակերտի գավառը»։

— «Իսկ այդ մոտ երկու հարյուր տարվա անցք է։ Իսկ դուք բավական երիտասարդ եք երևում, դուք Մաթուսաղայի տարիքը չունե՞ք, որ կարողանայիք ձեր աչքով տեսնել»,— պատասխանեց տան տերը բարեսիրտ ժպիտով։

Վարդանը ոչինչ չգտավ պատասխանելու, նրան էլ այնպես էր թվում, որ այդ անցքերի վրայից դարեր էին սահել։

Սենյակի լուսամուտներից, ուր նստած էր Վարդանը, շրջապատված իր հյուրընկալի ուրախ ընտանիքով, երևում էր կանաչազարդ հովիտը, որ վերջանում էր գեղեցիկ լեռներով։ Լեռները պատած էին խիտ անտառներով, և հսկա ծառերը միախառնվելով երկնքի պարզ կապուտակության հետ, ստեղծում էին մի սքանչելի պատկեր։ Վաղորդյան արեգակը թափել էր այնտեղ իր ոսկեղեն ճառագայթները և նրա լույսով, արծաթե օձերի նման պտույտվելով