— Դեպի Սոմայի[1]։
— Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջևանելու։
— Հասպիստանի հովիտների մեջ, Խանա-Սորի մոտ։
Սարհատը թողեց իր հարցուփորձը և սկսեց մատներով լուռ մի բան հաշվել․ հետո նա կրկին դարձավ դեպի պատանին․
— Ի՞նչ ես կարծում, Մըստո, դրանք ե՞րբ կհասնեն Սախկալ-Թութան[2] կիրճին։
Մըստոն րոպեական մտածությունից հետո, պատասխանեց․
— Սախկալ-Թութան կիրճին կհասնեն, երբ արևը մտնելու մոտ կլինի։
— Ես էլ այսպես եմ կարծում,— ասաց Սարհատը։
— Հիմա լսի՛ր, Մըստո,— ավելացրեց նա․— ի՞նչքան ժամանակում կհասնես մինչև Բիժինկերտ գյուղը։ Ճանաչո՞ւմ ես։
Մըստոն նայեց արևին և պատասխանեց․
— Ուղիղ կեսօրին այնտեղ կլինեմ։
— Շատ լավ,— շարունակեց Սարհատը,— դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մեջ մի մատուռ։
— Տեսել եմ, երկուսն է, մեկը քանդված է։ Ո՞րն ես ասում։
— Հենց այն քանդվածն եմ ասում։
— Ճանաչում եմ։ Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել։ Լավ թաքնվելու տեղ է։
Սարհատը հետո ուրիշ հարց առաջարկեց։
— Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես։
— Շատերի․ շան նման հաչել գիտեմ, աքլարի նման խոսել գիտեմ, էշի նման կզռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կմռռամ, կատվի նման միա-ու՜ կանեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կանեմ, էլ ի՞նչ ես ուզում։ Ուրիշ շատերն էլ գիտեմ։
— Այդ վերջինը բավական է։ Հիմա լսիր։ Ուղիղ կգնաս դեպի այն քանդված մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր։ Դեռ չհասած մատուռին մի բլուր կա․․․
— Որի գլխին տնկած է մի ծակ քար,— ավելացրեց Մըստոն։
— Այո՛։ Այն ծակ քարի մոտ կկանգնես, երեք անգամ հոպոպի ձայն կհանես․ քեզ կպատասխանեն նույն ձայնով։ Հետո ձայնդ կփոխես, երկու անգամ բուի ձայնով կկանչես։ Այն ժամանակ